25.11.2024
Չպատվաստվածները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը
prev Նախորդ նորություն

ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը խոշոր կաշառք են ստացել վարորդական վկայական տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և իր համագյուղացի Գ. Գ.-ի օժանդակությամբ ստացել 350.000 ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ. Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Գ.-ն Լ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ իր օժանդակությամբ ՃՈ տեսուչ Է. Ս.-ին 350.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող տեսական քննությունը ձևական բնույթ կկրի, և հնարավոր խնդիրները կհարթեն ոստիկանության ծառայողները: Դրանից հետո` նոյեմբերի 27-ին, Լ. Բ.-ն Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, որի ընթացքում չի կարողացել ճիշտ պատասխանել առաջադրված հարցերին: Տեսական քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ. Բ-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել:

Տեսական քննությունից հետո Գ. Գ.-ն ՃՈ տեսուչ Է. Ս.-ին փոխանցելու համար Լ. Բ.-ից ստացել է 350.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը և տեղում բռնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: