Ջինին բաց են թողել շշից. Թուրքիայում ավելի շատ է սկսել երևալ հայկական հետքը
Երևանում ապրիլի 22-ին "Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի" ընթացքում առաջարկվել է ստեղծել ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն՝ Հայաստանի ղեկավարությամբ: Ֆորումին մասնակցում է 600 փորձագետ աշխարհի ավելի քան 50 երկրներից՝ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ:
Համաժողովը բացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հայտարարել է, որ միջոցառումը կարևոր հարթակ կդառնա համակողմանի քննարկումների համար, որոնք ուղղված կլինեն ցեղասպանությունների՝ հանցագործություններից ամենամեծ հանցագործության կանխարգելման մեխանիզմների կատալերագործմանը: Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարարել է, որ նոր ցեղասպանությունների կանխարգելումը յուրաքանչյուր պետության պարտքն է: Նա նշել է, որ Հոլոքոստը ճանաչած Գերմանիան կարող է օրինակ ծառայել Թուրքիայի համար:
Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է
Համաժողովին հնչել են հայտնի միջազգային իրավաբանների ելույթներ: Բրիտանացի Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքով, ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, որը պետք է դատապարտվի: Նրա խոսքով, գոյություն ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ անհերքելի փաստեր:
«Թուրքիայի կողմից գնված մի քանի գիտնականներից բացի, հեղինակավոր մյուս փորձագետները 1915թ.-ի ողբերգությունը բնորոշում են որպես ցեղասպանություն»,- նշել է նա: Նա ասել է, որ չնայած թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ուշադրությունը շեղող միջոցառումների, այս ողբերգության 100-րդ տարելիցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ամերիկա-իսրայելան սոցիոլոգ, ցեղասպանությունների պատմության ամենահայտնի փորձագետներից մեկը՝ Իսրայել Չարնին առաջարկել է ստեղծել Ցեղասպանություններից տուժած և նրանց կարեկցող ժողովուրդների համաշխարհային միություն՝ Հայաստանի ղեկավարությամբ:
«Եթե այս կառույցը գլխավորի Հայաստանը, ապա այն կկարողանա համախմբել միջազգային հանրությանը և նոր մակարդակի վրա բարձրացնել մարդկության դեմ գործած հանցագործության դեմ պայքարը»,-նշել է նա:
Հետաքրքրական էր Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդի ելույթը: Կոչ անելով հիշել 20-րդ դարի սկզբին անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված բռնություններն ու ողբերգությունը՝ Յագլանդը խուսափել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն որակելուց: Նրա խոսքով, Երևանն ակտիվորեն պայքարում է նման հանցագործությունների կատարման դեմ:
«Կարևոր է աշխատել եվրոպական արժեքների պաշտպանության ուղղությամբ, ինչը անում է Հայաստանը: Հույս ունեմ, կգա ժամանակը և դուք խաղաղության կհասնեք ձեր հարևանների հետ», - նշել է Յագլանդը: Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերը հայ-թուրքական կարգավորման գործում: Յագլանդը կոչ է արել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներին նպաստել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
«Գոյություն ունեն Թուրքիաներ՝ հոգնակի թվով»
Իր ելույթում թուրք լրագրող, Հանուն ապաշխարության շարժման ներկայացուցիչ Չինգիզ Աքթարը նշել է, որ արդեն գոյություն չունի Թուրքիայի, «այլ գոյություն ունեն Թուրքիաներ՝ հոգնակի թվով»: «Գոյություն ունի մի կողմից Անկարան, որը հերքում է ցեղասպանությունը և գոյություն ունի թուրք հասարակություն, որը այլ կերպ է մտածում»,-նշել է նա:
Նրա խոսքով, վերջին 15 տարվա ընթացքում թուրք հասարակությունը, մտավորականությունը չի աջակցում ցեղասպանության հերքման թուրքական պաշտոնական քաղաքականությանը: Նա հավաստիացրել է, որ ապրիլի 24-ին Թուրքիայի 28 քաղաքներում տեղի կունենան հիշատակման միջոցառումներ, ինչի մասին դեռևս 10 տարի առաջ հնարավոր չէր անգամ երազել: Նա նշել է, որ շատ ավելի մեծ թվով փորձագետներ ցանկանում են աշխատել ցեղասպանության թեմայի ուղղությամբ, ինչը նախկինում գրեթե անհնար էր:
«Այսօր Թուրքիայում շատ ավելի է երևում հայկական հետքը: Թուրքերն ու քրդերն աստիճանաբար գիտակցում են այդ լավ հիշողությունը, նրանք հպարտանում են իրենց հայկական արմատներով: Մահմեդականություն ընդունած հայերը վերադառնում են քրիստոնեական հավատքին: Շատ ավելի մեծ թվով քրդեր և թուրքեր հայտարարում են, որ իրենց տատիկները հայեր էին: Տատիկները, քանի որ տղաներին սպանում էին ցեղասպանության ժամանակ», -նշել է թուրք լրագրողը:
Նրա խոսքով, ջինին բաց են թողել շշից և նրան այլևս հնարավոր չէ հետ վերադարձնել: «Թուրքերի 9%-ը աջակցում են ցեղասպանությունների ճանաչմանը, իսկ դա 7 միլիոն մարդ է, ինչը փոքր թիվ չէ»,-նշել է նա:
«Դավաճանում ենք մեր զոհերի հիշատակը»
Իսրայելի Բաց համալսարանի ամբիոնի վարիչ, իսրայելցի գիտնական, պրոֆեսոր Յաիր Աուրոնի խոսքով, ցեղասպանությունների հերքումը դրանց կրկնման համար հիմքեր է նախապատրաստում: Նրա խոսքով, Իսրայելը չի ճանաչում ցեղասպանությունը, նաև հաճախ տարբեր ձևերով հերքում է դա, այն դեպքում, երբ Իսրայելն առաջիններից մեկը պետք է այն ճանաչեր:
«Երբ մենք հերքում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք դավաճանում ենք մեր զոհերի հիշատակը», - նշել է փորձագետը: Նա նաև շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, որ քննարկվել են 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունները: «Եթե բոլոր ֆորումների ընթացքում հիշեին ուրիշի ցավերի մասին, ապա ցեղասպանությունները չէին կրկնվի», - վստահ է նա:
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա պրոֆեսորի կարծիքով, Թուրքիան առանց Հայոց ցեղասպանության ճանաչման չի կարող դառնալ ժողովրդավարական հասարակություն: Աուրոնը նշել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում ցեղասպանությունը, եթե նույնիսկ Օբաման հայտարարի դրա մասին, դա ոչինչ չի նշանակի, քանի որ այդ քայլը պետք է արվի պետական մակարդակով: