23.11.2024
Ջինին բաց են թողել շշից. Թուրքիայում ավելի շատ է սկսել երևալ հայկական հետքը
prev Նախորդ նորություն

Օբամայի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը Վաշինգտոնի «դրամական քաղաքականության» արտահայտությունն է

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն հայտարարել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար ժամանող պատվիրակության կազմը: Այն կգլխավորի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

Հայաստան ուղարկելով ֆինանսների նախարարին՝ Վաշինգտոնը ցուցադրել է Հայաստանի նկատմամբ իր իրական վերաբերմունքը: «Ժողովրդավարության ռահվիրա», «մարդու իրավունքների փարոս» ԱՄՆ-ը շարունակաբար մանիպուլյացիայի է ենթարկում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը՝ այն փաստորեն վերածելով մանրադրամի, մի կողմից Անկարայի տարածաշրջանային նկրտումները զսպելու համար, մյուս կողմից՝ նախընտրական շրջանում հայ համայնքի ձայները ստանալու համար: Այն հանգամանքը, որ Երևանում հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ամերիկացի ֆինանսների նախարարը, շատ խորհրդանշական է:

Նախագահ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տված Օբաման իր ավանդական ուղերձում տարիներ ի վեր գործածել է «Մեծ Եղեռն» հայերեն բառակապակցությունը՝ գտնելով բարոյական առումով բավականին խնդրահարույց տարբերակ խուսափելու համար իր խոստման կատարումից:

Ի հակակշիռ Օբամայի Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին ամենաբարձր մակարդակով մասնակցելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Ռուսաստանը, Սերբիան և Կիպրոսը: Այդ օրերին Հայաստանում են լինելու նաև ԵԽԽՎ-ի ղեկավար Էնն Բրասսերը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլլը:

Այդ կոնտեքստում բավականին հետաքրքիր է հարևան Վրաստանի դիրքորոշումը: Թբիլիսին ապրիլի 24-ի միջոցառումներին ներկայացված է լինելու խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով: Վրաստանում, սակայն, որոշել են չհիասթափեցնել Թուրքիային: Անկարայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին ապրիլի 24-ին մասնակցելու են Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Վրաստանը, որի իշխանությունները պաշտոնական հանդիպումների և միջոցառումների ընթացքում հայտարարում են Հայաստանի հետ «բարեկամական և եղբայրական հարաբերությունների» մասին, իրականում հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Երևան գործուղելով միայն երկրի խորհրդարանի փոխխոսնակին: