23.11.2024
Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին
prev Նախորդ նորություն

Կարասինը ճիշտ է համարում Պուտինի որոշումն ապրիլի 24-ին այցելել Երևան

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Դա պատմության մի մասն է, հայկական համայնքը չափազանց մեծ է Ռուսաստանում, իսկ պատմությունը պետք է հիշել և դրանից համապատասխան եզրակացություններ անել»,-նշել է Կարասինը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:

Նա վստահություն է հայտնել, որ Պուտինի այցը Հայաստան չի վնասում Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին: «Ինչ վերաբերվում է մեր բոլոր հարևանների հետ երկկողմ հարաբերություններին, դրանք շատ լավ հայտնի են: Ես կարծում եմ, որ դա չի վնասի և ընդհակառակը, ցույց կտա, որ մենք շատ բալանսավորված և մտածված ենք վերաբերվում բոլոր այն պատմական տարեթվերին, որոնք նշվում են»,-նշել է փոխարտգործնախարարը՝ պատասխանելով Թուրքական հոսքի իրականացման ենթատեքստում Պուտինի երևանյան այցի հետ կապված հարցին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է ակնկալել Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ռուսաստանի կողմից որևէ փաստաթղթի ընդունում՝ բացի ՌԴ-ի Պետդումայի համապատասխան հայտարարության, Կարասինը հայտարարել է, որ առաջին հերթին ապրիլի 24-ի միջոցառումերին մասնակցելու համար Երևան է մեկնում Ռուսաստանի նախագահը: «Որոշակի կարևոր միջոցառումներ տեղի կունենան նաև Ռուսաստանում: Ես գիտեմ, որ Մոսկվայում տեղի կունենան մի շարք հանդիպումներ և հասարակական հավաքներ, ապրիլի 24-ին պատարագ կմատուցվի եկեղեցում»,-նշել է Կարասինը:

Մինչ այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի այցը Հայաստան ապրիլի 24-ին չի ազդելու Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա: «Այս միջոցառումները չեն կարող մեկնաբանվել, որպես ինչ-որ բանին վնասող»,-նշել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում չեն զգուշանում, որ Երևան մոտակա այցելությունը կարող է վնասել Թուրքական հոսք գազամուղի իրականացմանը: