Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել. քաղաքացիները փակում են մի շարք փողոցներ
Երևանում առավոտից անհանգիստ է։ Քաղաքացիները փակել են Իսակովի, Բաղրամյանի, Արշակունյաց, Տիգրան Մեծի պողոտաները։ Ցուցարարների թվում է լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը համապատասխան տեսանյութը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ցուցարարների նպատակն է կանխել «հակահայկական սահմանազատման ծրագիրը, այդ թվում պահանջել ստորագրության ներկայացված փաստաթղթերի հրապարակում, թույլ չտալ հակառակորդին միջանցք տրամադրել» եւ այլն:
Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ակցիան եւ ցրվել։ Հաղորդվում է ակցիայի մասնակիցներից 18 մարդու բերման ենթարկելու մասին։
VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 21-ին «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է ազատագրական շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է կանխել հակահայկական սահմանազատման ծրագիրը, այդ թվում պահանջել ստորագրության ներկայացված փաստաթղթերի հրապարակում, թույլ չտալ հակառակորդին միջանցք տրամադրել, ՀՀ իշխանություններից պահանջել լիարժեք զինել առաջնագիծը և պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Հայտարարվել է նաև, որ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է ակցիա:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում, ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: