24.11.2024
Փաշինյանը սարսափելի բացահայտում արեց, որին հանրությունը ուշադրություն չդարձրեց. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սուրեն Պապիկյանի փնտրտուքն ու արկածները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու եւ բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից: Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է: Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը եւ կազմակերվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ պարտոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, եւ ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով: Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաեւ դրա համար է, որ Ա. Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր։ Այս տեղեկությունը հաստատեցին 2 տարբեր դիրքերում գտնվող զինվորականներ՝ հավելելով, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գնդի, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայողները, երբ մարտական գործողությունների ամենավճռական պահին փորձել են դիրքեր բարձրանալ, նրանց արգելել են` ասելով, որ ունեն պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը` մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չտալ։ Արդեն հայտնի է նաեւ, որ իշխանությունը մերժել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի աջակցությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված ռազմաբազայի երկրորդ կորպուսի հրամանատար Գորինը փորձել է տեղում աջակցություն ցուցաբերել` բարձրանալ մարտական դիրքեր, նրան եւս թույլ չեն տվել։ Ուշագրավ է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե չեն կարող չկրակելու հրաման տալ, «նման հրաման չտալը պետական դավաճանություն է»։ Իսկ ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը, գուցե սա էլ նրանց նկատմամբ հոգածությա՞մբ բացատրեն: Չէ՞ որ նրանց մասնակցությունը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից մեկ տարի անց դեռեւս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե հայկական կողմը քանի զոհ, գերի ու անհետ կորած ունի: Եթե գերիների պարագայում թվերի անճշտությունը ինչ-որ առումով հասկանալի է (Ադրբեջանը երբեք էլ հստակ թիվ չի ներկայացրել), ապա զոհվածների ու անհետ կորածների պարագայում որեւէ կերպ ընկալելի չէ՝ ինչու մինչեւ այժմ հստակ թվեր չեն ներկայացվում: Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկօրյա սադրանքի հետեւանքով Հայաստանը, ցավոք, բացի տարածքային կորուստից, նաեւ մարդկային կորուստներ է ունեցել, բայց երեք օր անց դեռեւս հստակ չէ՝ դիրքապահ տղաներից քանիսն են ռազմագերի, քանիսը՝ զոհված: Եթե ապավինենք պաշտոնական տեղակատվությանը կամ պաշտոնյաների կողմից ներկայացվող թվերին, ապա ոչինչ էլ չենք իմանա, հակառակը՝ ավելի կխճճվենք: Մինչ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16-ին հայտնում էր, թե «հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույն օրը նշում էր, թե «դեռեւս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ եւ 7 գերեվարված անձ։ Նրա ասածը վերահաստատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը»՝ գրելով, թե «փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ»: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտնեց մի քանի գերու ու ավելի քան 20 անհետ կորածների մասին, որոնց ճակատագիրը, ըստ ՊՆ-ի, անհայտ է: Թե իրականում ինչ է կատարվել անհետ կորած 24 տղաների հետ, ցավոք, կարելի է ենթադրել, բայց փաստ է, որ անգամ պաշտոնյաների հաղորդած տեղեկություններն են հակասող»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները: Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է ե՛ւ նախագահների, ե՛ւ վարչապետների նիստերին: Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության ղեկավարն է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ փողոցը: Բաղրամյան 26-ում ընդունում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնց թվում էին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՄ-ականները նոյեմբերի 18-19-ը Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հատկանշական է այն, որ անգամ միջկառավարական խորհրդի օտարերկյա արարողակարգն էր զարմացած առկա լարվածությամբ, որովհետեւ նիստը խոչընդոտող որեւէ պատճառ այդպես էլ չեղավ: Խնդիրն այն է, որ մեր երկրի սահմաններում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված` մտավախություն կար, որ կլինեն առնվազն ակցիաներ Բաղրամյան փողոցում, ինչն այդպես էլ չեղավ: Անգամ ամենահակառուսիստ իրենց հռչակած «Սասնա ծռերից» որեւ մեկն այդպես էլ չհայտնվեց` լատինատառ պաստառներով: Հայաստանում հավատարմագրված դեսպանները դուրս էին գալիս Բաղրամյան 26-ից աջ ու ձախ տարակուսած նայելով, բայց իրենց երկրացիներից բացի` նկատում էին միայն ոստիկանական ավտոբուսները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությանն «առընթեր» կայքերից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան՝ Սեդրակ Օսիպյանը, կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու եւ այլ անձի վաճառելու մեջ։ Տուժողը դիմել է ոստիկանություն, Նուբարաշենի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ռասկուլաչիտ» արված BMW-ն՝ Ռուբինյանց փողոցի ավտոպահեստամասերի խանութի մոտից: Մենք կապվեցինք Օսիպյանի հետ՝ հասկանալու, թե եղբորորդու հետ կապված դեպքից տեղյա՞կ է։ Օսիպյանն ասաց, թե ինքը մամուլից է տեղեկացել դեպքի մասին, եղբորորդու հետ էլ վաղուց շփում չունի։ «Երկար ժամանակ է՝ ես շփում չունեմ հետը ընդհանրապես, տեղյակ չեմ: Մամուլից եմ տեղեկացել՝ ինչ է տեղի ունեցել կամ արդյոք տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Մեղավոր է՝ թող պատասխան տա, ես պարտավոր չեմ իմ որեւէ ազգականի արարքների համար պատասխան տալ։ Բոլորն էլ ունեն հարազատներ, ես ունեմ իմ կյանքը, իմ ընտանիքը, որի համար ես պատասխանատու եմ, իսկ օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Եթե մեղավոր է, թող պատասխանատվություն կրի»,- ասաց նախկին ոստիկանապետը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գերկենտրոնացել է Մասիսի ընտրությունների վրա, նա անգամ համակիրներին է շանտաժի ենթարկում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ ՔՊ ցուցակում ընդգրկված գործող համայնքապետերից յուրաքանչյուրին մարզպետն առանձին-առանձին հրավիրում է իր մոտ եւ սպառնալից զրույցներ վարում «նախկին մեղքերի» թեմայով։ Ասում է, թե լավ գիտեն` ով ինչ է արել, ու բացահայտ սպառնում է, որ վատ արդյունքների դեպքում դրանք քրեական գործերի տեսք կստանան։ Նշենք, որ Մասիս համայնքին խոշորացման արդյունքում 27 համայնք է միավորվել, եւ ՔՊ ցուցակում են ընդգրկվել Նորամարգ, Սիս, Դարակերտ, Արգավանդ, Դարբնիկ, Խաչփար, Հովտաշատ, Նիզամի, Նորաբաց, Սայաթ-Նովա, Արբաթ, Գեղանիստ, Արեւաբույր համայնքների գործող ղեկավարները, ինչպես նաեւ որոշ համայնքապետարանների աշխատակիցներ, համայնքապետերի տեղակալներ։ ՔՊ ցուցակը Մասիսում գլխավորում է Սայեն Հայրապետյանը՝ մասիսցի Սայադը, որը մարզպետ Թեւոնյանի ընկերն է։ Թեւոնյանը Սայադի պատճառով ամիսներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՔՊ-ում դեմ էին, որ Սայադը գլխավորի ցուցակը, բայց մարզպետը հաղթեց եւ հետ վերցրեց դիմումը, ու, ըստ էության, այս ընտրությունները քննություն են լինելու նախեւառաջ իր համար։ Նախօրեին Հայրապետյանին կառավարությունը Մասիսի համայնքապետի ԺՊ է նշանակել: Սակայն ԸՕ-ի խախտում է տեղի ունեցել` համայնքի գործող ղեկավարները քարոզարշավի ժամանակ արձակուրդ են վերցնում, ինչը պահանջում է օրենքը, որպեսզի վարչական լծակները չօգտագործեն, իսկ Սայադին թեկնածու են առաջադրել եւ ԺՊ նշանակել քարոզարշավի ամենաթեժ պահին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Այս իրողությունը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում ներառված էր հարցը չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին: Որեւէ բացատրություն, թե ինչու է հատկացվում մոտ 750 հազար դոլար անհայտ գյուղացիական տնտեսվարողների, կոնկրետ ինչ գյուղացիական տնտեսվարողների մասին է խոսքը, չի տրվում: Չկար որեւէ բացատրություն, եւ անգամ հիմնավորումների մեջ չկային մանրամասներ: Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված համակարգված կաշառքի դրսեւորում, քանի որ, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում. դրանք են՝ Աշտարակ-Ապարան-Թալին, Արարատ-Արտաշատ-Մասիս-Վեդի, Արմավիր-Արաքս-Բաղրամյան-Խոյ-Մեծամոր-Վաղարշապատ-Փարաքար, Գավառ-Մարտունի-Սեւան-Վարդենիս, Թումանյան-Սպիտակ-Վանաձոր-Փամբակ, Աբովյան-Գառնի-Ծաղկաձոր-Նոր Հաճն-Հրազդան-Նաիրի, Ախուրյան-Ամասիա-Աշոցք-Արթիկ, Եղեգնաձոր-Ջերմուկ-Վայք եւ Տավուշում՝ Նոյեմբերյան: Այսինքն՝ այս համայնքներույմ տեղի են ունենալու ընտրություններ, ու չի բացառվում, որ մոտ 750 հազար ԱՄՆ դելարը կառավարության պահուստային ֆոնդից կարող է ընտրակաշառքի սկզբունքով, բայց այլ վերնագրով բաշխվել համայնքներում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոչ միայն խանութները, այլեւ սպառողները շունչները պահած սպասում են «Սեւ ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 26-ին: Նշենք, որ «Սեւ ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սեւ ուրբաթ» տոնելը Հայաստանում եւս նորաձեւ է դարձել, սակայն հայաստանյան «Սեւ ուրբաթը» խիստ տարբերվում է ամերիկյանից: Օրինակ՝ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հագուստի, կոշիկի, կոսմետիկայի խանութները, նաեւ մարզասրահները արդեն սկսել են սպառողներին տեղեկացնել սպասվելիք զեղչերի մասին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն հասցրել է բողոք ստանալ քաղաքացուց՝ մարզասրահի՝ քաղաքացուն մոլորեցնելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին ՄՊՀ-ից փոխանցեցին, որ իրենք արդեն նախազգուշացրել են առեւտրի կետերին զերծ մնալ սպառողին մոլորեցնելու փորձերից: Բավարար կլինի, թե ոչ այս նախազգուշացումը, կամ կզգոնանան արդյոք խանութները ՄՊՀ-ի կոչից, ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում: Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր կլինի տեսնել մի ապրանք, որի գինը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի կլինի, քան «Սեւ ուրբաթ»-ի շրջանում»


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. Կառավարությունը երեկվա նիստում (չզեկուցվող հարցերի շարքում) հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրինագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը (ըստ շրջակա միջավայրի նախարարության)։ Պետական այս գերատեսչության կողմից մշակվել եւ 2019 թ. հունիսի 7-ին ԱԺ կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը։ Սա վերաբերում է մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներին, մարդատար տրանսպորտային միջոցներին, մոտոցիկլներին եւ մոպեդներին: Հետո՝ 2020 թ. մարտին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար: Այս կարգավորումների հետեւանքով, ՇՄՆ-ի համոզմամբ, «շատ բարենպաստ միջավայր ստեղծվեց էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար»։ Օրինակ՝ 2019-2021 թթ. ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այն դեպքում, երբ 2018 թ. ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ:


2018-2020 թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ ԿԳՄՍՆ-ն էլ նախատեսում է 2021/2022 թթ. միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաեւ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկի մասնագիտությունը։ Հիմա, դարձյալ ըստ ՇՄՆ-ի, «այս դրական արդյունքներն ամրապնդելու եւ դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել օրենքի կիրառության ժամկետը եւս երկու տարով»։ Այսպիսով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս 2 տարով՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը։ Ի՞նչ ակնկալիք կա սրանից։ ՇՄՆ-ն համոզված է. «Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։


Հարկ է նշել նաեւ, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ, էլշարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր եւն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով»։ ՇՄՆ-ն նշում է նաեւ, որ նախագծի ընդունումը ուղղակիորեն կնպաստի կառավարության կողմից 2021 թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ. ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030 թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը։ Հաշվի առնելով, որ «շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ»։