24.11.2024
Փորձագետ. Էկոնոմիկայի նախարարի հնչեցրած ցուցանիշները իրատեսական են
prev Նախորդ նորություն

Զինված հարձակում Երևանում. Մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. ԱԱԾ հայտարարությունը (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը փոխանցում է որ այսօր մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել Երևանի Էրեբունի թաղամասի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:

«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտնվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ», - ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ոստիկանական շենքը գրաված ՀԽ անդամները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նրանք նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ են ներկայացնում:

Քիչ առաջ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք:

Փաշինյանի փոխանցմամբ, այնտեղ են գտնվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ու ևս 7-8 ոստիկաններ: Ոստիկանության աշխատակիցները զինաթափված են, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները զինված: Փաշինյանի հաշվարկներով, ներսում կա մոտ 25 մարդ։

Ոստիկանի զոհվելու մասին լուրը հաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: