23.11.2024
Թոսունյան․ ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկան առանց ընդհանուր արժույթի լիարժեք չի լինի
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դիվանագիտական սկանդալ. սադրանքի հասցեատերերը Ռուսաստանն ու Իրանն են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով սպիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը: Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է: Նման խայտառակ ձեւակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետեւանք է, կա՛մ էլ հատուկ արված սադրանք` Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ: Երկու դեպքում էլ սա դիվանագիտական սկանդալ է: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էջի ադմինիստրացիայով զբաղվում է հենց դեսպանությունը, եւ նման ձեւակերպումը հենց դեսպանությունն է տվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը չորրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական որոշ ուժերի ղեկավարների հետ: Ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս»-ի ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի նախագահ Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք»-ի նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Փաշինյանը նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի 3 ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»։ Եվ հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ընտրությունը կանգ է առել Նորայր Նորիկյանի, Սամվել Բաբայանի եւ Դավիթ Սանասարյանի վրա, որոնք կընդգրկվեն քննիչ հանձնաժողովում: Սակայն օրենսդրական բաց կա, եւ հանձնաժողովի նիստերին այս անձինք կարող են մասնակցել բացառապես որպես հրավիրյալներ, մինչդեռ իշխանությունը ցանկանում էր որպես փորձագետ ներգրավել եւ արբայնակ ուժերի հետ նեղել ԱԺ ընդդիմությանը՝ պատերազմի պարտության սլաքներն ուղղելով դեպի նախկինները»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունները նոյեմբերի 14-ի ընտրություններին ընդառաջ ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացրել են Սյունիքում` մասնավորապես Կապանում: Այստեղ գործող քաղաքապետի հետ պայքարի մեջ է մտել հանրությանը քիչ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը: Եվ ահա, մարզում տարածված լուրերի համաձայն, ողջ քարոզարշավի պատասխանատվությունը դրված է հենց թեկնածուի վրա: Մարզպետն այնքան է թեւաթափ եղել, որ ոչ սիրտ, ոչ հավես ունի, իսկ իշխանությունների համար կապանյան ընտրությունները պատվի հարց են դարձել: Սակայն տեղի այլ արժանահավատ աղբյուրներ այն կարծիքին են, որ անգամ վարչական ռեսուրսի ամենամասշտաբային կիրառումը ՔՊ-ին քիչ շանսեր է տալիս, քանի որ Գեւորգ Փարսյանի դիրքերն առավել քան ամուր են: Դա, ըստ աղբյուրի, քաջ գիտակցում է նաեւ մարզպետը՝ Մելիքսեթ Պողոսյանը: Նաեւ, որ Գորիսից հետո Կապանում եւս տապալվելու դեպքում նա հազիվ թե պաշտոնանկությունից խուսափի՝ որպես իրավիճակին բացարձակ չտիրապետող: Իսկ այդ դեպքում որդու նկատմամբ «սառեցված» քրգործն արագորեն «կտաքանա»: Ու, չնայած այդ ամենին, էլի հաղթելու քիչ շանսեր է տեսնում: Ելքը մեկն է՝ պատասխանատվությունը թողնել Դանիելյանի ուսերին, բայց հազիվ թե անգամ դա օգնի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց: «Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել:Բայց եթե ուշադիր էիք՝ քաղաքապետի ընտրություններից 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալին ու քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետին: «Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերոնշյալ ձերբակալությունները բնավ էլ պատահական չեն եղել, ու իշխանություններն այդկերպ Սամվել Բալասանյանին եւ որդուն հասկացրել են՝ ճնշումներն ու ձերբակալությունները կարող են շարունակական լինել»,- նշեց մեր զրուցակիցը: Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում նեղն է գցել քանիցս ճամբարափոխ եղած Սամվել Բալասանյանին ու ստիպել շարժվել սեփական օրակարգով: Ի դեպ, իշխանությունները ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ՀՀ բոլոր համայնքներում են ուզում սեփական թեկնածուին համայնքապետ կարգել եւ դա անում են հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով՝ շողոքորթելուց մինչեւ ահաբեկում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը: Համաձայն օրենսդրության, ավագանու լիազորությունները դադարելուց առաջ պետք է ընտրություններ կայանային, բայց օրենքի պահանջն իշխանությունը խախտեց, եւ ՔՊ-ական յուրայինին համայնքապետի ժՊ նշանակեցին: Այսինքն` օրենք ասվածն այս համայնքում վաղուց չի աշխատում, մինչդեռ համայնքի շահը ենթադրում է, որ հնարավորինս արագ նոր ավագանի ձեւավորվի, քաղաքապետ ընտրվի, եւ անցնեն համայնքային խնդիրների լուծմանը: Թե ինչու համայնքապետի ԺՊ-ն, որն օժտված է այդ լիազորություններով, նիստ չի հրավիրում, չկարողացանք պարզել․ Արարատ Թումանյանը չպատասխանեց մեր զանգերին, չպատասխանեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կռիվ են գցել իշխանությունների «տանը», ամենուրեք իշխող «Քաղպայմանագրի» անդամները բաժանվել են հակամարտող թիմերի` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում: Լարված իրավիճակ է Արարատի մարզում, որտեղ, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ են ձեւավորվել նախկին ու ներկա մարզպետների՝ Գարիկ Սարգսյանի ու Ռազմիկ Թեւոնյանի միջեւ: Նրանք մեկը մյուսից առաջ ընկնելով՝ իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին: Այդ գործերը, հավանաբար, կկոծկվեն ամենավերին մակարդակներով, քանի որ երկուսն էլ Փաշինյանի թիմակիցներն են, իսկ Փաշինյանը չի ցանկանա կորցնել նրանցից որեւէ մեկին՝ նոսրացնելով առանց այն էլ օր-օրի նոսրացող թիմակիցների շարքերը: Այդ գործերը կբացվեն միայն ՔՊ-ականների՝ իշխանությունից հեռանալուց հետո: Ըստ մեր աղբյուրների, նախկին ու ներկա մարզպետները բավականին լուրջ մեղադրանքներ են ներկայացնում իրար: ՔՊ-ն Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել է Գարիկ Սարգսյանին: Գործող մարզպետ Թեւոնյանը, հավանաբար, ոչ միայն չի սատարի Սարգսյանին, դեռ մի բան էլ կխանգարի: Գարիկ Սարգսյանը մինչ 2018-ի իշխանափոխությունը եղել է Նոր Կյանք համայնքի ղեկավարը: Չնայած այն ժամանակ «Քաղպայմանագիրն» ընդդիմադիր էր, սակայն այս համայնքում կարողացան ընտրություններում հաղթանակ տանել: Պետք է նշել, որ համայնքի ղեկավար եղած ժամանակ նա բավականին դրական վարկանիշ ուներ: Սակայն այդ վարկանիշը կտրուկ անկում ապրեց Արարատի մարզպետ դառնալուց հետո. նա սկսեց աղմկահարույց հայտարարություններ անել՝ դառնալով զավեշտի առարկա:


Պարզվեց, որ բոլորովին ի վիճակի չէ մարզը ղեկավարել, ապա սկսեց հալածել ժամանակին իրեն վատ վերաբերված համայնքապետերին, օրինակ` 2018-ին, երբ ճանապարհ էր փակում, նրանցից մի քանիսը փորձել էին դա արգելել եւ հայտնվել էին Գարիկի սեւ ցուցակում: Ուստի, նրան դժվար ընտրապայքար է սպասվում` խանգարելու է ոչ միայն գործող մարզպետը, այլեւ համայնքապետերը: Գարիկի հույսը մարտունեցիներն են. Վեդիում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, իսկ նա նույնպես ծագումով մարտունեցի է: Նախկին ու ներկա մարզպետներն առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուզում են իրենց մարդկանց դարձնել մարզի խոշորացված համայնքների ղեկավար: Կռվախնձորներից մեկը Մասիս խոշորացված համայնքն է: Իշխանության գործերն այստեղ բավականին վատ են: Նախ՝ բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, այնուհետեւ՝ նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: Վերջինս Գարիկ Սարգսյանի նախընտրած թեկնածուն է: Սակայն այդ թեկնածությունը հունից հանել է Թեւոնյանին, ով անգամ մի քանի ժամով հրաժարականի դիմում գրեց՝ պաշտոնից ազատվելու համար: Նրան համոզեցին դիմումը հետ վերցնել եւ ընդառաջեցին` առաջադրելով ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանին՝ Մասիսի Սայադին, որի թեկնածությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում:


Մասիսում շրջանառվում էր նաեւ ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Ժորա Զուրաբյանի անունը: Երբ ՔՊ-ականներն իմացել են, որ իրենց ցուցակը գլխավորելու է Սայադը, Մասիսի շտաբում մեծ վիճաբանություն է եղել, հիմնական կորիզը դուրս է եկել գործընթացներից՝ Սայադին ու մարզպետին թողնելով միայնակ: Մասիսի Սայադը դարձել է Թեւոնյանի մարդը այն բանից հետո, երբ Թեւոնյանը դարձել է մարզպետ: Մասիսցիներն ասում են, որ Սայադը շուտ կողմնորոշվող մարդ է, միշտ կարողանում է իշխանության կողմը թեքվել, կարողացել է լավ հարաբերություններ հաստատել նաեւ Թեւոնյանի հետ: ՔՊ-ականներն ասում են, որ Սայադը հազար ու մի քաղաքական ճամբար ու շապիկ է փոխել․ որտեղ կշեռքի նժարը ծանր է, թեքվում է այդ կողմ։ Ժամանակին եղել է ակտիվ ՀՀԿ-ական, հետո՝ ակտիվ ԲՀԿ-ական: Սակայն, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, փողերի հետ մաքուր չաշխատելու համար հեռացվել է ԲՀԿ-ից: Ասում են, որ մինչ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերը մշտապես եղել է Մանվել Գրիգորյանի մերձակայքում, փորձել նրա հետ լավ հարաբերություններ ունենալ: Այնուհետեւ նրա դեմ քայլեր է ձեռնարկել, երբ ԵԿՄ-ն 2008-ին միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հետո տեսնելով, որ Մանվելը նորից մնաց իշխանության հետ, սկսել է կրկին սիրաշահել նրան: ՔՊ-ականներն ասում են. «Սայադը գրագետ չէ, չի կարողանում երկու բառ իրար կպցնել, նորմալ խոսել, նրանից ի՞նչ քաղաքապետ»: Կարծես թե ՔՊ-ական մյուս թեկնածուներն իմաստնության ակունքներ են… Մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, տեսնելով, որ մնացել են միայնակ եւ Մասիսում տանուլ են տալիս, իր մոտ է կանչել ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական բոլոր համայնքապետերին եւ պարտադրել՝ ՔՊ-ի ցուցակով առաջադրվել որպես ավագանու թեկնածուներ: Պարտադրել է նաեւ լավ աշխատել եւ ապահովել Սայադի հաղթանակը, հակառակ դեպքում վատ աշխատողներին սպառնացել է քրեական գործեր հարուցելով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան եւ մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, եւ նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել: Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը եւ նաեւ այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում եւ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս եւ Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Արշակ Կարապետյանին իշխանական պատգամավորներն այնքան էլ չեն ընդունում, քանի որ Կարապետյանի կողմից նշանակված անձինք պատգամավորների, հատկապես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չեն: Եվ դա է պատճառը, որ երբ Կարապետյանի կողմից նշանակված անձինք գալիս են խորհրդարան, իշխանական պատգամավորների կողմից նման վերաբերմունքին են արժանի լինում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանների կահավորման եւ պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող երկրում շեշտակի մեծանում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն: Բանն այն է, որ Ազգային ժողովում արդեն մեկնարկել են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ ենթադրվում էր, որ հատկապես նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո պետք է կտրուկ ավելացվեին ռազմական ծախսերը, սակայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել: Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Այստեղ համեմատության համար ընդգծենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար, եւ այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից: Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ: Իհարկե, հաշվի առնելով սահմանների կահավորման հարցը՝ պետք է ավելի մեծ գումարներ տրամադրվեին Պաշտպանության նախարարությանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբեմն տպավորություն է, թե ՔՊ-ական պատգամավորները պարզապես զբաղված են ընդդիմությանն ամեն հարցում հակադարձելով՝ առանց փաստարկների, առանց բովանդակային քննարկման, անկախ նրանից, թե ինչ թեմայի մասին է խոսքը: Ընդ որում, հաճախ հակադարձման մեթոդների մեջ խտրականություն չեն դնում ու, որպես կանոն, առաջնորդվում են «բա դուք...» սկզբունքով, ճիշտ երեխաների՝ բակային վեճերի նման՝ «сам дурак»: Օրինակ՝ երբ մայիսի 12-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց Սև լճի տարածքում իրավիճակի լարման ու ադրբեջանցիների առաջխաղացման մասին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց «լղոզել» թեման. «Թող Վահե Հակոբյանը պանիկա չտարածի. թող ուղղաթիռից իջներ, ավտոմատը վերցներ, գնար տղաների կողքը կանգներ»։


Ընդ որում, հետո Վահե Հակոբյանի հայտարարության իսկությունը հաստատեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, ուղղաթիռի թեման, ինչպես երևում է, շարունակում է ակտուալ մնալ Անդրանիկ Քոչարյանի համար։ Նա նույն համառությամբ օգոստոսի 10-ին ԱԺ-ում հարց ուղղեց Սյունիքի նախկին մարզպետին. «Ձեր ուղղաթիռը կա՞։ Կարո՞ղ եք ասել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի համար օգտակար եղա՞վ այդ ուղղաթիռը, Սիսիանից վիրավորներ կարողացա՞վ տեղափոխել դեպի Երևան»։ «Ես երբևիցե չեմ ունեցել ուղղաթիռ, դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել»,- պատասխանել է Վահե Հակոբյանը։ «Փաստի» տեղեկություններով, Քոչարյանը շատ լավ տեղյակ է եղել, թե ինչ ուղղաթիռի մասին է խոսքը. դա զինված ուժերից ճշտելը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար ոչ մի բարդություն չէր ներկայացնում: Ընդհանրապես, տպավորություն է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամներն ու մասնավորաբար այդ հանձնաժողովի նախագահը երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղված են բացառապես հանձնաժողովի փոխնախագահ չընտրելով կամ ընդդիմադիրներին հակադարձելով: Հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում ամեն շաբաթ, տեսնենք՝ ուղղաթիռի թեման հաջորդ անգամ երբ նորից կբարձրացնեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում: Նա «Փաստի» հետ զրույցում հայտնել է, որ հստակ ոլորտներ տուժելու են այս որոշումից: Շեշտելով «երբեք չփոխել հինը, եթե հիմնավորված չէ նոր փոփոխության ավելի դրական լինելը» սկզբունքը՝ նա ընդգծեց. «Այո, վատ էր տասն օր տանը մնալը, ինչի պատճառները շատ են, բայց եթե այս ամենը հանգամանալից չի վերլուծվել, նոր փոփոխության առավելությունը հստակ չի ներկայացվել, չի կարելի այն ընդունել: Կան բազմաթիվ հիմնավորումներ, թե այս որոշումն ինչու ազդեցություն չի թողնելու տնտեսության վրա: Ամանօրին, ամեն դեպքում, ձևավորված ավանդույթներ գոյություն ունեն: Մարդիկ սննդի կուտակումներ են իրականացնում: Այս պարագայում դեկտեմբերին արդեն շատ ավելի քիչ կուտակում կիրականացվի: Այսինքն, նշվածն ազդեցություն կունենա այս տարվա փակվող տնտեսության վրա: Այդուհանդերձ, սննդի կուտակումները բավարար կլինեն մարդկանց համար, ու մինչև հունվարի 10-15-ը աշխատանքի դուրս գալով՝ ոչ թե սնունդ կպատվիրեն սննդի օբյեկտներից ու ճաշարաններից, այլ իրենց տներից տարած սննդից կօգտվեն: Այդ օրերին հագուստի ու տնտեսական որևէ գնում չի կատարվի, միևնույն ժամանակ՝ մարզային, շրջանային ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսները խիստ անկում կգրանցեն: Իսկ թե որ ոլորտի վրա են հույսները դրել, հարց է: Մեծ հաշվով՝ նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում աշնանային արձակուրդները երկարաձգվել էին ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Երեկ մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ մասնավորաբար Երևանում գործող արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողներից պահանջում են վճարել նոյեմբերի ուսման վարձը, հակառակ դեպքում քաղաքապետարանի որոշմամբ երեխաները դուրս կմնան այդ դպրոցներից: Դժգոհության իմաստն այն է, որ փաստացի մեկ շաբաթ հոկտեմբերի վերջին է եղել արձակուրդ, այնինչ վճարել են ողջ ամսվա համար, մեկ շաբաթ էլ նոյեմբերին է լինելու, ընդ որում՝ հայտնի չէ, արդյո՞ք նոյեմբերի 7-ից հետո արձակուրդները նորից չեն հետաձգվի: Այսինքն, ծնողը վճարելու է չստացած ծառայության համար, առավել ևս, երբ հետագա ընթացքը անորոշ է: Դպրոցներից ծնողներին ասել են, որ, անկախ նրանից, դաս լինելու է, թե ոչ, պայմանագրով պարտավոր են վճարել, ուսումնական տարվա ընթացքում 10 ամսվա հաշվարկով ապահովել ամբողջ վճարը: «Փաստը» այս հարցով դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, որը նշեց, որ ծնողները պայմանագիր են կապում դպրոցի հետ, և դա իրենց պայմանագրի մասն է: «Այստեղ ինչ-որ նորություն չկա, միշտ էլ այդպես է եղել, անցած տարի էլ են վճարել: Այս ընթացքում ևս դպրոցների աշխատակազմերը շարունակում են աշխատավարձ ստանալ, այլ ծախսեր հոգալ»,- ասաց Կարապետյանը».


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլեւ ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։ Մասնագետների խոսքերով՝ մինչեւ Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները եւս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաեւ արտահանման ծավալները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Գնաճն իսկական «սպառնալիք» է դարձել մեր օրերում: Առաջին հերթին այն անդրադառնում է առանց այն էլ սոցիալական վատթարագույն պայմաններում գտնվող քաղաքացիների վրա, որոնք ստիպված են օրեցօր էլ ավելի շատ գումար վատնել պարենային ապրանքների վրա: Կանխատեսումներ կան, որ, ասենք, կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչև 500 դրամի: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը նախ անդրադառնում է գնաճին ու դրա հետևանքներին: «Պարենային մթերքների սպառողական գների ինդեքսն այս տարի Կենտրոնական բանկի նպատակադրած գնաճից շատ ավելին է՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ շուրջ 8,9 տոկոս, մինչդեռ պետք է լիներ մինչև 5,5 տոկոս, ոչ ավելին: Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ապա նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 15,8 տոկոս: Ըստ էության, պետությունը, բոլոր հնարավոր լծակներն ու գործիքակազմն օգտագործելով, չկարողացավ զսպել գնաճային նշումները, ընդ որում՝ ամեն ամիս տեսնում ենք, որ բացասական միտումները շարունակվում են: Ինչ վերաբերում է պարենամթերքի գների ինդեքսին, ապա այստեղ վիճակն առավել մտահոգիչ է: Եթե հաշվի ենք առնում այն, որ մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսն աղքատ է, իսկ այս հատվածի համար պարենային զամբյուղը նրանց ընդհանուր սպառողական ծախսերի կառուցվածքում չափազանց մեծ մասնաբաժին ունի, ապա այստեղ էլ ավելի մտահոգիչ է դառնում պարենային մթերքի գնաճը: Ստացվում է, որ այս մարդիկ էլ ավելի են աղքատանալու, բնակչության ինչ-որ հատված պարենամթերքի որոշ տեսակներ փոխարինելու է մեկ այլ՝ ավելի էժան տեսակներով, բացի այդ, որոշ մասն էլ, բացի սննդամթերքի տեսակները մեկը մյուսով փոխարինելը, ստիպված կրճատելու է սպառման ծավալները՝ փաստացի սննդամթերքի ֆիզիոլոգիական նորմաներից պակաս սպառելով և, ըստ էության, մնալով թերսնված: Արդյունքում՝ բազմաթիվ ընտանիքներ համալրելու են ծայրահեղ աղքատների «բանակը»:


Այս իրավիճակում կարևորագույն մթերքների գնաճն իր հերթին մեծ հարված է հասցնում այս ընտանիքների գնողունակության մակարդակին: Առանց այն էլ նրանք իրենց սպառման օրաբաժնի կառուցվածքում հիմնականում սպառում են հաց և հացամթերք, կարտոֆիլ, բուսական ու կենդանական ծագման յուղ, որոնց գներն աճում են ահագնացող տեմպերով: Փաստորեն ստացվում է, որ այդ ընտանիքները, որոնք ունեն ցածր և գնաճին համահունչ չավելացող եկամուտներ, ստիպված են լինելու անգամ կարտոֆիլն այլ մթերքով փոխարինել: Իսկ գիտենք, որ կարտոֆիլը ավանդաբար «երկրորդ հաց» է հանդիսանում մեր երկրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ալեքսանյանը: Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում մեր պետական պաշտոնյաները նույն կարտոֆիլի գնաճի մասին խոսելիս հղում են անում դրա արտահանման ծավալների աճին: «Սա խոսում է այս մարդկանց անհեռատես քաղաքականության մասին: Նրանք պետք է հասկանային, որ խոցելի վիճակում հայտնված բնակչությունը ստիպված է լինելու պարենամթերքի հիմնական տեսակների գծով ծախսերն ավելացնել: Խոսքը հացամթերքի, կարտոֆիլի ու բանջարեղենի և մյուս հիմնական պարենամթերքի տեսակների մասին է: Պետությունը հետպատերազմյան և համաճարակի այս աննախադեպ պայմաններում պարտավոր էր կանխատեսել կարտոֆիլի արտադրության ծավալները, հաշվարկել պահանջարկը և կարգավորել արտահանման ու ներկրման հետ կապված հարցերը: Եթե այս դաշտը բարձիթողի է, հաշվի չես առնում արտադրության ծավալների ու ցանքատարածությունների կրճատումը, արտահանման ծավալների աճը, բնականաբար, հանգեցնելու էր այս կարևորագույն արտադրանքի գծով դեֆիցիտի: Պահանջարկի հաստատուն մնալու պարագայում, երբ առաջարկը կտրուկ փոքրանում է տվ յալ շուկայում, գնաճն անխուսափելի է: