Ինչ է անում ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում. փոխոստիկանապետ
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կմ-ի վիճահարույց հատվածով անցնող ՀՀ քաղաքացիներին ուղեկցում են:
Անդրադառնալով խորհրդարանում լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ ոստիկանությունն այդ հատվածում մի շարք գործառույթներ է իրականացնում։ «Ապահովվում է անվտանգությունն ու ուղեկցությունը, հատկապես հիմա, երբ եղանակային պայմանների հետ կապված նման ուղեկցության անհրաժեշտությունն աճում է», - նշել է Ֆիդանյանը՝ հավելելով, որ ձեռք բերված պայմանավորվածություններով հայկական մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների դեպքերով այդ հատվածում զբաղվում է ՀՀ ոստիկանությունը:
«Ոչ միայն այս, այլ նաև այլ հատվածներում նկատվում է ոստիկանության աշխատակիցների թվաքանակի ավելացման անհրաժեշտություն։ Բայց առայժմ մեզ հաջողվում է, նաև այլ ծառայությունների աջակցությամբ, կատարել մեր առջև դրված խնդիրները։ Այս պահին դրա հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել», - հայտարարել է նա։
Լրագրողների ճշտմանը, թե արդյոք բոլոր հայկական ավտոմեքենաները ուղեկցում է ոստիկանությունը նշված հատվածում, Ֆիդանյանը դրական պատասխան է տվել: «Այնտեղ, որտեղ ուղեկցելու անհրաժեշտություն կա, այդ ուղեկցումն ապահովվում է, եթե ոչ ոստիկանության, ապա ԱԱԾ-ի կողմից։ Ուղեկցումն ապահովվում է նաեւ դեպի Տաթեւ տանող ճանապարհին», - հայտարարել է նա։
Ընդ որում, նա չի կարողացել բացատրել, թե այդ դեպքում ինչպես է քաղաքացիներից տեղեկություն ստացվում այն մասին, որ իրենց ադրբեջանցի զինվորականները խուզարկություններ են իրականացնում ավտոմեքենաներում։ Պետք է արձանագրել, որ տվյալ հատվածում կարգավորումը պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ խոսքը ճանապարհի այն հատվածի մասին է, որը չի դիտարկվում Հայաստանի տարածքով։ Պայմանավորվածություն կա, որ այդ հատվածում ճանապարհային պատահարներով զբաղվում է ոստիկանությունը», - հայտարարեց Ֆիդանյանը։