Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար
Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները ռուս գործընկերների հետ նման քննարկումներ ունենում են: Մեր ընկալմամբ և ընդհանուր առմամբ մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի համար, հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նրանք ավելի երկար կմնան Արցախում:
Հարցին՝ արդյոք առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է Արցախը պաշտպանել, ԱԽ ղեկավարը միայն ասաց, որ այս պահին քննարկվում է համատեղ անվտանգության հարցը:
Իսկ դիտարկմանը, թե կարո՞ղ է, արդյոք, պնդել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը շեշտեց. «Դրա մասին բազմիցս ասել ենք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
VERELQ-ը հիշեցնում է, որ անցած տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում հինգ տարի ժամկետով և ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: