Կառավարությունը հոկտմեբերի 28-ի նիստում հաստատել է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը։ Այս որոշմամբ 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ։
Որպես հիմնավորում նշվում է երկու քրեակատարողական հիմնարկների թերբեռնվածությունը, նաև՝ Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է փակել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ու Դատապարտյալների հիվանդանոցը՝ դրա փոխարեն կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր կալանավայր՝ ներառելով նաև ստացիոնար հիվանդանոց:
««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որ ներկայում գտնվում է Ազգային անվտագության ծառայության շենքի ներքնահարկում, կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ», - ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը կազմում է 73 տոկոս և խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ հարևան բնակելի շենքերի հետ համեմատ՝ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: ՔԿՀ-ի բյուջեն կազմում է մոտ 500 միլիոն դրամ։
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը, ըստ արդարադատության նախարարության, մոտ 11 տոկոս է՝ այնտեղ պահվում է 66 անձ։ ՔԿՀ-ի բյուջեն 677 միլիոն դրամ է։
Կարեն Անդրեասյանը հավելել է նաև, որ տարիներ առաջ ՔԿՀ-ներում կար 4530 կալանավոր և դատապարտյալ։ Իսկ այսօր նրանց թիվը գրեթե կիսով չափ նվազել է։ Ըստ նրա՝ վերոնշյալ ՔԿՀ-ները փակելու դեպքում 280 հաստիքի կրճատում է լինելու։ Սա կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ։
«Բայց նաև մենք այստեղ խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնելու նաև քրեակատարողական հիմնարկներում։ Այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ Եվ մենք այստեղ էլ ունենք խնդիր կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ բարեվարքության կասկածներ կան, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող աշխատակիցների համար»,- նշել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ շատ լավ ու սիմվոլիկ «որոշում է, որ մենք վատ հեղինակություն ունեցող երկու քրեակատարողական հիմնարկներ ուղղակի փակում ենք»: Այդ ՔԿՀ-ներում, նրա խոսքով, անմարդկային պայմաններ են։