Հնարավորություն կա ներկայացնելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականության էությունը. կարծիք
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս, հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում է, շատերը՝ արդարանում են, իսկ այլոք՝ գործում։ Շատ են նաև դիտորդները: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Այսօր ուզում եմ անդրադառնալ նրանց, ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը։ Եվ մեզնից պահանջվում է ո´չ միայն բարոյապես աջակցել նրանց. մեզնից պահանջվում է գործնական օժանդակություն։
Առաջինը, ինչի վրա ուզում եմ հրավիրել բոլորիս ուշադրությունը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն է՝ ուղղված Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների սիստեմատիկ և շարունակական խախտումների բացահայտմանը։ ՄԻՊ-ի ջանքերի շնորհիվ մեր հասարակությունը և միջազգային հանրությունը հրատապ և օբյեկտիվորեն տեղեկացվում են իրականության մասին, որը հաճախ դաժան է։
Երկրորդը Միջազգային քրեական դատարանում Հայաստանի հայցն է Ադրբեջանի դեմ։ Առաջին անգամ նման հեղինակավոր դատարանում հնարավորություն ենք ստանում ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների իրական հակահայկական էությունը։
Այս հայցը պետք է ընկալվի ոչ թե որպես ձևական գործընթաց, այլ, առաջին հերթին, հնարավորություն հայության համար՝ համախմբվելու և նպաստելու Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության բացահայտմանը և դատապարտմանը: Այս դատավարության արդյունքները ունենալու են որոշիչ նշանակություն մեր ազգային շահերի պաշտպանության համար և երկարաժամկետ ազդեցություն:
Հավատացեք, նշվածս բացի զգացմունքային լինելուց նաև խիստ պրագմատիկ և ռազմավարսկան խնդիր է: Այդ պատճառով կոչ եմ անում հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում՝ ցուցաբերել մեծ աջակցություն նշած գործընթացներին։
Մենք պետք է հասնենք այն ընկալմանը, որ հենց այս գործընթացների միջոցով կարող ենք գոնե մասնակիորեն վերականգնել մեր ազգային արժանապատվության զգացումը, ինչպես նաև՝ կորսված ինքնիշխանության և ամբողջականության ընկալումը։ Լավ տեղյակ լինելով հայկական աշխարհի ռեսուրսներին՝ վստահեցնում եմ, գրագետ և համակարգված աշխատելու, հարցերը ճիշտ ձևակերպելու դեպքում, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների:
Սա նաև կոչ է՝ ուղղված պատգամավորներին, որպեսզի խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այս գործընթացներին օժանդակելը դիտարկենք որպես առաջնահերթ խնդիր, ու միջազգային բոլոր հնարավոր ատյաններում ու շփումներում կենտրոնանանք այս հարցերի վրա», - ասված է նրա գրառման մեջ: