22.11.2024
ՊԵԿ-ն ու AFD-ն աշխատում են Հայաստանում հարկային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ի նախաձեռնած արտահերթ նիստը վերածվել է կլոունադայի. Թովմասյան

Փակ ռեժիմով ընթացող խորհրդարանի արտահերթ նիստը, որը նախաձեռնել է ընդդիմությունը, վերածվել է կլոունադայի։ Այս մասին հայտարարեց ԱԺ նիստերի դահլիճը լքած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


«Ես վրդովված եմ, դահլիճից դուրս եմ եկել, որովհետև չեմ ուզում մասնակցել այդ անհեթեթությանը։ Մենք նախաձեռնել ենք այդ քննարկումները՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում, որքանով են պաշտպանված մեր սահմանները։ Բայց ոչ մի հարցի պատասխան չի տրվում։ Ցանկացած հարցի պատասխանը մեկն է՝ դա պետական գաղտնիք է։ Նրանք նույնիսկ հրաժարվեցին պատասխանել սահմանի երկարության մասին հարցին՝ վկայակոչելով պետական գաղտնիքը», - հայտարարեց Թովմասյանը։


Պատգամավորի գնահատմամբ՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների նման դիրքորոշումն ու պատասխանները խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում են։


«Ես արդեն մեկ տարի է նույն հարցերն եմ տալիս և պատասխաններ չեմ ստանում, թե ինչու Հայաստանի սահմանները դեռևս պատշաճ կերպով կահավորված չեն, ինչու ադրբեջանական զինված ուժերը դիմադրություն ցույց չտվեցին, և նրանք անարգել ներխուժեցին Հայաստանի տարածք», - ասաց նա: Թովմասյանը նշեց, որ այդ հարցերն ուղղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունցին և պատասխան չստանալով՝ որոշել է լքել դահլիճը: