Խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու կառավարության նախաձեռնությունը՝ դա գնահատելով նաեւ որպես անհարգալից վերաբերմունք ազգային ավանդույթների նկատմամբ: Պատգամավորների գնահատականներով՝ ոչ աշխատանքային օրերի կրճատումը կհանգեցնի նրան, որ ի վերջո մարդիկ զրկվեն Սուրբ Ծնունդը պատշաճ կերպով նշելու հնարավորությունից։
Կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային դարձնել դեկտեմբերի 31–ը և հունվարի 1-ը, ինչպես նաև հունվարի 6-ը՝ Սուրբ Ծննդյան օրը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը, որոնք Հայաստանում ավանդաբար ոչ աշխատանքային օրեր էին, այսուհետ կդառնան աշխատանքային օրեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր վրդովմունքն է հայտնել կառավարության այս նախաձեռնության կապակցությամբ՝ հետաքրքրվելով, թե ով է տվել կառավարությանը մարդկանց տոնից զրկելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ կրոնական տոների հաջորդ օրը Հայաստանում ավանդաբար անցկացվում են հանգուցյալների հիշատակի օրեր, սակայն կառավարությունը հետեւողականորեն վերացնում է նաեւ դրանք: Նազարյանը վրդովվել է, որ պատերազմի հազարավոր զոհերի ֆոնին կառավարությունը մարդկանց զրկում է Սուրբ Ծնունդից հետո մեռելոցների օրերից։ Նա դա անընդունելի համարեց։ «Ես կարծում եմ, որ հունվարի 2-ը, 5-ը և 7-ը պետք է լինեն ոչ աշխատանքային, 3-4 -ը կարող եք աշխատել, եթե ուզում եք», - հայտարարեց պատգամավորը:
Այլ կարծիքի են փոփոխությունների ընդունման կողմնակիցները։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշել է, որ Ամանորի տոնակատարությունը Հայաստանում անառողջ բնույթ է ստացել, մարդիկ վարկ են վերցնում եւ մրցակցում են միմյանց հետ, ում սեղանն ավելի հարուստ է: «Դրան պետք է վերջ դնել», - կարծում է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ամանորը ընտանեկան տոն է, եւ երկու ոչ աշխատանքային օրերը բավարար են այդ տոնը պատշաճ կերպով նշելու համար:
Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցով հանդես գալ հակընդդեմ առաջարկով։ Ինչպես հաղորդել է քննարկումների արդյունքում «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը, ընդդիմությունն առաջարկում է հունվարի 2-ը եւ 7-ը ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: «Ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Բայց այդ նախաձեռնության համաձայն՝ 2-րդ և 7-րդը ոչ աշխատանքային էր, ինչը տրամաբանական էր։ Մեր խմբակցությունը նման առաջարկով հանդես կգա», - հայտարարել Է ընդդիմադիրը։
Նա նաեւ նշել է, որ սկզբի համար այդ բարեփոխումը չպետք է վերաբերվի շարքային քաղաքացիներին, սկզբնական փուլում փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն նախարարների, վարչապետի եւ պատգամավորների համար եւ միայն հաջորդ փուլում տարածվեն մյուսների վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համարել է Վարդևանյանի առաջարկը պոպուլիզմ։ «Առաջարկն այն է, որ նախարարներն ու նրանց տեղակալներն աշխատեն, իսկ մյուսները՝ ոչ, այլապես չես ասի։ Եթե դուք կանգնած չլինեիք այս ամբիոնի մոտ, դուք երբեք այդ միտքը չէիք րտահայտեի», - վստահ է նա։