24.11.2024
ՊՆ-ն հերքում է ՄԻՊ-ին՝ կոչ անելով սահմանի մասին տեղեկությունները հայտնելուց առաջ ճշտել
prev Նախորդ նորություն

Հայաստան է վերադարձել ևս հինգ գերի. ԶԼՄ-ներ

Հայաստան է վերադառնում հինգ գերի: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ այդ աղբյուրների՝ նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։


Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել այս լուրը։ Միևնույն ժամանակ infoport.am-ի տեղեկացմամբ հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։


«Spuntik Արմենիա»-ի տվյալներով, վերադարձող գերիներն են Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։


Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:


Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։


Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։


Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցել է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը:


Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը, ինչպես հայտնում է «Ազատութունը», կհասնի113-ի՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։


Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։


Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։