23.11.2024
Հայաստանի պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՌԴ իշխանությունները մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով: Նրանք կարծում են, որ արտագաղթի հետեւանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլեւս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա: Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու եւ ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, եւ պարզվի, որ Արցախում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «Անձնագրերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, ըստ տեղեկությունների, Արցախի դեմ հերթական որոշումն է, համենայնդեպս, դրա հեռահար նպատակն այն է, որ արցախցիների անձնագրերի մեջ այլեւս չնշվի երկրի անունը։ Նախագծի հիմնավորման մեջ գրեթե պարզ ասվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս»: Ըստ հիմնավորման, այս հարցը քննարկվել է ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն` այն մասին, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա կիրակի օրը հայրաքաղաք Գյումրիում թեժ է լինելու: Հատկանշական է, որ թեժությունը պայմանավորված է ոչ թե գյումրեիցների ակտիվությամբ, այլ կուսակցությունների ու դաշինքների առատությամբ: Ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, եթե նախկին ընտրություններին շուրջ 60 հազար ընտրողներ են մասնակցել, ապա այս ընտրությունները անհամեմատ պասիվ են ընթանալու: Առավել եւս, որ գյումրեցիները հիմնականում մոլորվել են կուսակցությունների, դաշինքների առատությամբ. «Չգիտենք, թե որ կուսակցությունը տակից ում ստվերն է»: Բանը հասել է այնպիսի տրագիկոմեդիկ փաստերի, որ «Թասիբով դաշինքի» առաջին համար Կարապետ Պողոսյանը, չգիտես ինչու, գյումրեցիներին փորձում էր համոզել իր շապիկով, որ ինքը իրենց թշնամին չէ, կրելով «Ես թշնամի չեմ» վերտառությամբ սեւ շապիկ: Գյումրեցիների աչքից չի վրիպել նաեւ այն, որ Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի մերձավոր շրջապատը, բնականաբար, ոչ առանց նրա իմացության, վերջին օրերին սկսել է ակտիվ աշխատել ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական թեկնածուի համար: Ըստ երեւույթին, Վարդան Ղուկասյանը, որոշել է իր եւ իր որդու վրա «կախված» ջրել` հաճոյանալով իշխանություններին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքապետներ «ապաշխարել են»: Մասնավորապես նրանք, ովքեր նախկինում ջերմեռանդ սատարում էին այլ կուսակցությունների եւ փնովում Նիկոլի իշխանությանը, այսօր, խոշորացումներին ընդառաջ, տեղապահ համայնքապետ մնալու համար որոշել են «մեղքերի թողություն» անել՝ անցնելով իշխանությունների «թրի տակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի եւ բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։ 2022թ. պետբյուջեի նախագծով գալիք տարի պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամի եկամուտ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց այդ համատեղ նիստում անձամբ ներկայացնել բյուջեի նախագիծը, այնուհետ «պաս տալ» ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին, որն այդ ոլորտում դեռեւս նոր է ու անփորձ: Հարցը դեռեւս քննարկումների փուլում է, ու վերջնական պատասխան չկա: Հայտնի է նաեւ, որ խորհրդարանում կլինեն նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. ամեն մեկը պետք է ներկայացնի իր ոլորտի հետ կապված ծախսերը, լուծումները տարբեր հարցերում: Ի դեպ, նշենք, որ նախարար Մկրտչյանն էլ իր ոլորտում է անփորձ ու առաջին անգամ պետք է խորհրդարանի «դատին» ներկայանա նախարարի կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Նարեկ Մկրտչյանը մինչեւ այս եղել է իմքայլական պատգամավոր, ու բոլորի համար անհասկանալի է, թե նա ինչպես պետք է այդ հսկայական նախարարության ծախսերը ներկայացնի: Մենք տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 25-ին՝ բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո, հանձնաժողովներում քննարկումները կվերսկսեն նոյեմբերի 1-ից, քանի որ հայրենի խորհրդարանում հոկտեմբերի 26-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «Անձնագրերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, ըստ տեղեկությունների, Արցախի դեմ հերթական որոշումն է, համենայնդեպս, դրա հեռահար նպատակն այն է, որ արցախցիների անձնագրերի մեջ այլեւս չնշվի երկրի անունը։ Նախագծի հիմնավորման մեջ գրեթե պարզ ասվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որեւէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս»: Ըստ հիմնավորման, այս հարցը քննարկվել է ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն` այն մասին, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակվող ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են «աննկատ» ու նվազ հետաքրքրության պայմաններում: Համեմատության կարգով ուշադրություն են գրավում Գյումրին՝ որպես երկրորդ քաղաք, եւ Սյունիքի համայնքները, քանզի այնտեղ խոշոր համայնքների ղեկավարների դեմ հարուցված են քրեական գործեր, մի մասն էլ ազատազրկված են: Օրինակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը որը նաեւ համայնքի ղեկավարի թեկնածու է, գտնվում է անազատության մեջ, եւ, Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կարողանա վերընտրվել, դա դեռ չի նշանակում, որ կհայտնվի ազատության մեջ ու կկարողանա ղեկավարել համայնքը: Գորիսեցիների շրջանում մտահոգություն կա, որ դեպքերի նման զարգացման դեպքում կտուժի համայնքը, դրա զարգացումը. նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Համայնքի ղեկավարը պետք է լինի իշխանությունների մարդը, որ կարողանա փող, ծրագիր ու նոր հնարավորություններ բերի մեր քաղաքին, ընդդիմանալով կենտրոնական իշխանության դեմ` ոչինչ դեպի լավը չի գնա, ու կտուժենք մենք ու մեր երեխաները»:


Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ հոգնել են ներքաղաքական կյանքի մասին խոսելուց ու ցանկանում են իրական փոփոխություններ, ցանկանում են, որպեսզի իրենց երեխաների համար ստեղծվեն կյանքի, կրթության այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան մայրաքաղաքում, ու շատերը դրանց բացակայությունը շարունակում են կապել նախկին իշխանությունների՝ տարիների անգործության հետ, իսկ, ահա, նորերը բարեկարգում են տարիներով քանդված փողոցներն ու մայրուղիները, ինչը ստիպում է մարդկանց աչք փակել նորահայտ շատ խնդիրերի առաջ: Գրեթե նույն իրավիճակն է նաեւ Սյունիքի մյուս համայնքներում. այստեղ ենթագիտակցորեն մարդիկ ձգտում են փոփոխությունների՝ համարելով, որ իրենց նախկին ղեկավարները, լինելով նախկին իշխանությունների հետ սերտաճած մարդիկ, պետք է այն ժամանակ այսպիսի ջանասիրությամբ պայքարեին իրենց համայնքների զարգացման համար, եթե պետք էր, այն ժամանակ ընդվզման կոչեր անեին, այլ ոչ թե երիտկոմերիտականների նման զգաստ կանգնեին, երբ Երեւանից ինչ-որ մեկը գալիս էր իրենց մոտ, ու երբ տարիներով նույնիսկ փողոց չէր ասֆալտապատվում, դպրոց չէր վերանորոգվում եւ այլն: Ինչպես ասում են, ամեն բան մի օր շուռ է գալիս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր ստացանք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցն օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։ Խոսեցինք Ղուլունցի հետ, ով բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնել։ «Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։ Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է վաղաժամ դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․ Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։ Ավելի ուշ Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համար Արամ Միրզոյանը ասաց, որ թեկնածուն ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել: Երբ նրան ասացինք, որ Ղուլունցը չի հերքել մեր ուղիղ հարցադրումը, ասաց․ «Չի կարողացել երկար խոսել»: Առարկեցինք, որ բավականին երկար է խոսել, անգամ ասել է, որ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։ Հետո զանգեց Ղուլունցի եղբայրը եւ բառացիորեն սպառնալիքներ հնչեցրեց մեր հասցեին՝ հորդորելով հեռացնել նյութը։ Ապա մեզ հետ կապ հաստատեց ինքը՝ Ղուլունցը, եւ ասաց, թե քովիդով էլ հիվանդ չէ, ուղղակի մրսել է, թոքաբորբ է, ու անցավ անիծելուն. «Դուք երեւի չեք հասկացել, անհասկացող եք, մրսելն ինֆարկտի հետ կապ ունի՞ վաբշե, ինֆարկտով տառապեք Դուք՝ ինքներդ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երեւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարեւանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երեւանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, ռմբապաստարանների մասին խոսակցությունները երկրորդ պլան մղվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակելի շենքերի նկուղներից քանիսն են ապաստարանի վերածվել: Քաղաքապետարանը, սակայն, որեւէ հստակ թիվ ու կոնկերտ պատասխան չի տվել՝ չմանրամասնելով նաեւ, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել այդ կարեւորագույն խնդրի ուղղությամբ: 


«Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման, շահագործման ու վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն իրականացնում է ապաստարանների եւ պարզագույն թաքստոցների պահպանմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի՝ Երեւանի քաղաքապետարանը չի կարող տրամադրել առավել տեղեկատվություն, քանի որ դրանում առկա են գաղտնիության տարրեր»,- ասված է քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանի մեջ: Ստացվում է՝ ոչ միայն տվյալներ չեն տրամադրվում, այլ նաեւ չի հստակեցվում՝ ապաստարանների համար նախատեսված տարածքները կարգի են բերվել, թե ոչ: Ու այս ամենն արվում է գաղտնիության ֆոնով պարուրված, որը խորհրդավորություն, իհարկե, հաղորդում է Հայկ Մարությանի աշխատանքին, բայց արդյունավետություն՝ հազիվ թե»: