Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար 329 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին:
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցություն» ծրագիրը, հայտնեց, որ հատկացվելու է 329 մլն դրամ՝ աշնանացանի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ընկերություններին՝ իրենց գնած սերմերի դիմաց փոխհատուցելու համար:
Ծրագրի շրջանակներում 1 կգ ցորենի համար սուբսիդավորման սահմանված նվազագույն գինը 70 դրամը է, որը կառավարությունում համարում են շահավետ: «Նախորդ տարի ծրագիրն առաջին անգամ գործարկվելուց հետո դրական կարծիքներ են հնչել և կառավարությունը որոշել է այս տարի էլ ֆերմերներին առաջարկել ծրագիրն իրականացնել», - ասաց Քերոբյանը:
Նրա խոսքով, այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունը միջինն ավելի քան 3 տ է, այ դեպքում, երբ «սովորական բերքի ժամանակ միջինը 1.8 տ է»:
«Մենք մոտավորապես նոյեմբերի վերջին արդեն կամփոփենք անցած տարվա ծրագրի տվյալները, բայց կարծում ենք, որ այն բավական հաջող է անցել»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ գարնանացանը որոշակի բարդություններով էր անցել, որովհետև սերմեր ներկրելու խնդիր էր եղել Լարսի փակ լինելու պատճառով:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի այդ պատճառով մոտավորապես 3200 տոննայի կարգի սերմ էր ներմուծվել և հավաստիացրեց, որ այս տարի ակնկալում են ավելի շատ սերմի ձեռքբերում:
Իր հերթին վարչապետը Փաշինյանը նտատեց, որ ծրագիրը ներդրվել է լիցենզավորված և բարձրորակ սերմ գնելու համար:
«Մենք քաղաքացուն ասում ենք, որ, ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»,- բացատրեց Նիկոլ Փաշինյանը: