Հուլիսի 4-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի արդյունքներով ընդունվեց հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ի՞նչ կարևորություն ունի այն հայկական կողմի համար, ո՞ւր է տանում ռուս-թուրքական մերձեցումը ՝ VERELQ-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուրադ Շարմազանովի հետ:
-Պարոն Շարմազանով, օրերս ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները Երևանում ղարաբաղյան հակամարտության մասով հայտարարություն ընդունեցին: Ինչպե՞ս այն կգնահատեք, հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի հայտնի դիրքորոշումները:
- ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը բավականին հայանպաստ է: Այն շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ նախկինում եղել են դեպքեր, երբ ՀԱՊԿ անդամ գոնե մի քանի երկիր արել են հայտարարություններ, որոնք չեն բխում ո՛չ ՀԱՊԿ շահերից, ո՛չ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշումից ու հակասել են ՀՀ շահերին: Այդ մասին Հայաստանը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է, իսկ ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ խորհրդի վերջին նիստում նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո կազմակերպությունում եղան երկրներ, որոնք անգամ նեղություն իրենց չտվեցին զանգահարել ու տեսնել, թե իրավիճակն ինչպիսին է: Եվ այս հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ նախագահի խոսքերը տեղ են հասել:
-Ի՞նչ է տալիս Հայաստանին այդ հայտարարությունը:
-Նախ, կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարները հստակ նշում են, որ սատարում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ մենք գիտենք, որ այդ հանդիպումների կարևոր հարցերից մեկն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կարևորում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Սանկտ Պետերբուրգից հետո Ալիևը այս հարցի շուրջ անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենք մտադիր չեն դա անել, բայց այս հայտարարությամբ ՀԱՊԿ-ը փաստացի ասում է, որ իր համար ընդունելի չէ Ադրբեջանի դիրքորոշումը: Ասում է մի կառույց, որտեղ անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ ՌԴ-ն, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն
Ալիևին ասում է, որ նա պայմանավորվածություններից շեղվել է և հետաքննության այդ մեխանիզմները պետք է ներդրվեն: Ավելին՝ դա ասում է նաև Ղազախստանը, մի երկիր, որը մշտապես հայտնի է եղել Ադրբեջանի ցանկացած դիրքորոշման սատարումով, գոնե հրապարակային մակարդակում: Եվ սա լուրջ առաջընթաց է:
Երկրորդ. հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ՀԱՊԿ-ը սատարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և թուրքալեզու պետությունների ջանքերը Թուրքիային խցկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ ևս մեկ անգամ հստակ «ոչ»-ի հանգեցին: ՀԱՊԿ-ն ասում է, որ Թուրքիան անելիք չունի կարգավորման գործընթացում:
Երրորդ. Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանը նորից սկսեց խոսել տարածքային ամբողջականության և այլնի մասին: Բայց հայտարարության մեջ հստակ նշվում են այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծվի այդ խնդիրը և ինքնորոշման իրավունքի իրացումը գրված է որպես հիմնարար սկզբունքներից մեկը: Այսինքն՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը ընդունում են, որ խնիրը պետք է լուծվի ոչ միայն տարածքային ամբողջականության, այլ նաև ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով սա շատ կարևոր հայտարարություն էր, կարևոր այն տեսանկյունից, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հաստատեցին ամբողջական, միասնական դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը չի հակասում Հայաստանի շահերին և գոնե երեք կետով մատնանշեցին այն սկզբունքները, որոնցից Ադրբեջանը հեռացել է:
-Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո ռուսական մամուլը գրեց, որ ՌԴ արտգործնախարարը Երևանում նաև երկկողմ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով և, մասնավորապես, առաջ է քաշվել «ռուսական պլանը», համաձայն որի պետք է բացվեն ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանները, այլև հայ-թուրքական սահմանը:
-Ես այն գործիչներից չեմ, որոնք մամուլում գրված հրապարակումները մեկնաբանում են: Բայց մենք չենք Թուրքիայի հետ սահմանը փակել, որ մենք էլ բացենք. Ով փակել է՝ նա պետք է բացի: Հայկական կողմը բազմիցս ասել է՝ Թուրքիան պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, որի պատասխանատվությունը ստանձնել է 2009 թվականին: Հայաստանը այս փուլում գոնե անելիք չունի, անելիքը Թուրքիայինն է և գնդակը դեռ թուրքական դաշտում է, որն էլ պետք է այդ խնդիրը լուծի: Եվրոպայի միակ փակ սահմանը փակել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան, որն էլ պետք է այն բացի:
-Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ ռուս-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության վրա, գոնե թույլ կտա խուսափել նոր էսկալացիայից:
-Կարծում եմ, որ ռուս-թուրքական մերձեցումը մի քիչ հարաբերական է ասված, որովհետև Ռուսաստանի և Թուրքիայի այս մերձեցումը ստրատեգիական ու քաղաքական չէ, ավելի շատ առևտրա-տնտեսական է: Այս երկու պետությունները շարունակում են մնալ տարածաշրջանում մրցակիցներ և դեռ երկար ժամանակ կմնան այդ կարգավիճակում՝ անկախ նրանից ով, ինչպիսի առևտրաշրջանառություն կունենա կամ ռուսները կգնան Անթալիա հանգստանալու, թե ոչ: Բացի այդ, չմոռանանք, որ Ռուսաստանի և Թուրքիայի բանակները իրար դեմ կանգնած են Կովկասում, իսկ բարեկամների բանակները դեմ առ դեմ իրար չեն կանգնում:
Ամեն դեպքում, խաղաղություն և կայունություն քարոզելը, իրավիճակի մեղմացումը բխում են մեր տարածաշրջանի կայունության շահերից: Ինչքան մեծ խաղացողները, մեծ պետությունները այս տարածաշրջանում քիչ կոնֆրոնտացիայի գնան, այնքան մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության հնարավորությունը կմեծանա: Այսինքն, եթե Թուրքիան չհրահրի պատերազմ, իսկ ես համոզված եմ, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում հենց Թուրքիայի գործն էր, որովհետև դա է միակ պետությունը, որ մինչև օրս էլ Ադրբեջանին սատարում է, տարածաշրջանը կլինի կայուն: Սակայն հստակ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը ավելի վտանգավոր է, քան գոնե դիվանագիտական առումով հանգիստ գոյակցությունը:
Զրուցեց Լիա Խոջոյանը