Կապանի «պոստերից» մեկում զոհված զինծառայողի դեպքով կա կասկածյալ
SHAMSHYAN.com-ը մանրամասներ է հայտնում ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանի մահացու հրազենային վիրավորման դեպքի վերաբերյալ:
Կայքի տեղեկություններով՝ ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։
«Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել, - հայտնում է կայքը: - մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ»։
Շամշյանի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ, ում արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ հրազենային վիրավորում է ստացել։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: