VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է՝ աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս: Մեր թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 50-10.000-ական դրամներով են տալիս: Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք: Սակայն արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում: Ընկերության տնօրեն
Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար: Բայց չվճարման պատճառը նա չէ. ՕԵԿ նախագահ
Արթուր Բաղդասարյանը փող չի տալիս»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով,
Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ, թեկուզ 1 պատգամավորով`
Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը` թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում իրեն «ատչյոտ տան»: Արդյունքում` գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ եւ իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին Սերժ Սարգսյանին հղած նամակում եւ որոնց մասին խոսել էր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություններն այդ ծրագրերը թաղեցին՝ մի դեպքում ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան սահմանելով
Բակո Սահակյանի համար` մինչեւ 2020թ., ինչը հաստատ Սամվել Բաբայանի դեմ էր, մյուս կողմից՝ Հայկ Խանումյանը չմտածված սխալ քայլեր արեց»»:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած ամառը քաղաքական առումով պասիվ շրջան է, սակայն այս տարի այն, հիմնականում խորհրդարանական ուժերի համար, բավականին աշխատանքային է լինելու, նախընտրական տարին շտապողականություն է թելադրում ուժերին: Մինչ ընդդիմադիրները կատաղի պայքար են մղում, պարզելու՝ ով է իրենցից ավելի ընդդիմադիր, իշխանական ուժերը կարգի են բերում իրենց ռեսուրսները: Հարաբերական հանգիստ է տիրում ՀՅԴ-ում. ոչ թե վստահ են, որ հանրությունն իր քվեն Դաշնակցությանն է տալու, այլ քաղաքական գործարքով ապահովել են իրենց մի քանի տեղը խորհրդարանում (նույնիսկ այդ մի քանի տեղի համար էլ, ասում են, դեռ ներկուսակցական պատերազմներ են լինելու): Իշխանության հետ վերջին գործարքից հետո ՀՅԴ-ի վարկանիշից բան չի մնացել. փոխարենը կան պաշտոններ, որոնք էլ հենց պետք էին ձայներ «հավաքելու» համար: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն մեծ սպասումներ ունի իր նախարարներից, մասնավորապես
Դավիթ Լոքյանից, քանի որ վերջինս «համակարգում» է մարզերն ու մարզպետներին: Սակայն մարզպետներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դաշնակցականները տեղով «կրակ» էլ դառնան, իրենց «սահմանված փայից» ավելին չեն ստանալու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտերկրից եկող տրանսֆերտները շարունակում են նվազել: Այս տարվա մայիսին արտերկրից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ դրական տարբերությունը, կազմել է 41 մլն 959 հազար դոլար՝ անցած տարվա 72 միլիոն 954 հազար դոլարի դիմաց: Ստացվում է, որ այն կանխատեսումները, որ տրանսֆերտները շարունակելու են նվազել, իրականանում են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքը շարունակում է նվազել Հայաստանից արտերկիր, իսկ ավելի կոնկրետ դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների կտրուկ աճի պատճառով: Անցած տարվա մայիսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն 300 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցված գումարները կազմել են 19 մլն 454 հազար դոլար: Այս տարի ՌԴ-ից Հայաստան է եկել 67 մլն 254 հազար դոլար, իսկ մեր հանրապետությունից փոխանցվել է 33 միլիոն 530 հազար դոլար: Սա նշանակում է, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել ապրել «Հայաստանում» մնացած իրենց հարազատների օգնության հաշվին»: