Իշխող վերնախավը ձգտում է հրաժարվել Արցախյան հարցից. Ագնեսա Խամոյան
Իշխող վերնախավը ձգտում է հրաժարվել Արցախյան հարցից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը հարցրել է, թե ինչու է արդեն երկրորդ տարին անընդմեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդը համընկնում Անկախության տոնի հետ, և ինչու վարչապետը հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ոչ մի անգամ չի այցելել Արցախ։ «Մենք ինչու ենք վախենում արտաբերել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, օգտագործել այդ ձևակերպումը կառավարական ծրագրում, մասնակցել Արցախի անկախության օրվա տոնակատարությանը», - նշեց Խամոյանը։
Ամբողջ խնդիրը միտումների մեջ է, որոնք կապված են Արցախյան հարցից հրաժարվելու ձգտման հետ։ «Եվ այդ միտումները վաղուց են սկսվել։ Դեռ 2020 թվականի հուլիսի 20-ին՝ մինչև Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելը, Հայաստանի անվտանգության ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն ձևակերպումներ չեն եղել, ինչպես և չկա կառավարության վերջին ծրագրում», - հայտարարեց պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայից դրական ազդակներ են ստացվում, որոնք կգնահատի հայկական կողմը։ «Կարելի է արդյոք արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով հանձնաժողով անվանելու նախաձեռնության ձախողումը համարել այն նույն գնահատականը, որի մասին խոսք էր գնում», - հետաքրքրվեց Խամոյանը։