Լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվում ստեղծվել է Թուրքիայի ռազմական հրամանատարության հատուկ խումբ։ Իրականում, այն գործում է 1992-ից, պարզապես փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին գրում է ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը Telegram-ի իր ալիքում։
«Բարձրացվել է Թուրքիայի ռազմական հրամանատարության հատուկ խմբի կարգավիճակը։ Այժմ խումբը ներկայացված է չորս գեներալներով, որոնցից մեկը ղեկավարում է թուրքական առաքելությունը համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում։
Խումբը կղեկավարի թուրք գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թեև ինչո՞ւ կղեկավարի: Նա վաղուց է Ադրբեջանում։ Ի դեպ, հայտնի է նրանով, որ թուրքակենտրոն հայացքներ ունի, Թուրքիայում պայքարել է քրդական անջատողականության դեմ, տարբեր գործողությունների է մասնակցել արտասահմանում, այդ թվում՝ Աֆղանստանում և Թունիսում։ Նա նաև բատարկվել է, բայց դա առանձին թեմա է։
Ադրբեջանում Թուրքիայի ռազմական հրամանատարության խմբի փոփոխությունը (միայն անվանումն ինչ արժե) շատ գործընթացների, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի դաշնակցային հռչակագրի օրինաչափ հետևանքն է:
Ոչ մի նոր բան, ամեն ինչ գոյություն ունեցող տրամաբանության շրջանակներում է: Անկարայի դիրքերի ամրապնդումը տեղի է ունենում աստիճանաբար՝ դանդաղ, բայց հստակ։ Այն այսօր չի սկսվել և վաղը չի ավարտվի», - ամփոփում է Վլադիմիր Ավատկովը:
Ինչի մասին է խոսքը
Ադրբեջանում ստեղծվել է Թուրքիայի հրամանատարության հատուկ խումբ։ Չորս թուրք գեներալներ կընդգրկվեն հրամանատարության հատուկ խմբում, որը կներկայացնի Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը։ Այս մասին հաղորդում է «Կավկազինֆոն»՝ վկայակոչելով ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիեւին։
Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանում հատուկ խմբի ղեկավար և հանձնվել Թուրքիայի գլխավոր շտաբի տնօրինությանը:
Գեներալ Աբդուլլա Գաթիրչին նույնպես նշանակվել է Էգեյան բանակի հրամանատարությունում եւ մտել է Ադրբեջանի հարցերով հատուկ խմբի Միացյալ կենտրոնի հրամանատարություն:
Գեներալ Էնդի Գյուները նշանակվել է հատուկ խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետ։
Դրա հետ մեկտեղ փոխարինվել է նաև Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը։ Նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը։