Ադրբեջանում պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկ
Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարեւորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները:
Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:
Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշեց, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:
ՀՀ ԱԺ նախագահը հրավիրեց գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը: