VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»: Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրեց հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»: Սա ցույց է տալիս, թե արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները ինչ տեսակետ ունեն: Մեկն ասում է՝ արդարադատություն չկա, մյուսն ասում է՝ ցավոք սրտի, այս երկրում օրենք կա: Գագիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արված հայտարարությունը սայթաքում էր համարվում եւ լայն քննադատության առիթ տվեց: Հիմա էլ նման բացթողում է անում արդեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ըստ էության ակնարկելով՝ կուզենար օրենք չլիներ, որ ինչ ցանկանար, այն էլ աներ» :
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել, սակայն խափանման միջոցներից՝ ստորագրություն չբացակայելու մասին, գրավ, կոլեկտիվի երաշխավորություն եւ այլն, մեր քննիչ-դատախազներն ընտրում են բացառապես կալանքը։ Մանավանդ եթե խոսքն իրենց սիրելի իշխանությունների ընդդիմախոսների մասին է։ Հարգված բժշկին, գիտությունների դոկտորին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն առնվազն անմարդկային է եւ անօրինական։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքն ապօրինությունների շղթա է, որին մասնակից են տասնյակ մարդիկ, եւ նրանք մի օր պատասխան են տալու։ Այժմ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ սրտի խնդիրներ, շաքարային ծանր դիաբետ։ Որքան պետք է մարդն ու համակարգն անբարոյական լինեն, որ նման հաշվեհարդար ծավալեն եւ խոշտանգեն մարդուն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Անկախության 30-րդ տարեդարձը կարելի է և, գուցե, պետք է նշել. դրա համար կարելի էր գտնել բազմաթիվ հետաքրքիր, կրեատիվ տարբերակներ: Բայց «մասշտաբային և գունագեղ տոնակատարությո՞ւն»: 44-օրյա պատերազմի սկզբի տարելիցից մեկ շաբաթ առա՞ջ, այն պայմաններում, երբ դեռևս թարմ են հազարավոր հերոսների շիրիմնե՞րը, երբ բազմաթիվ ծնողներ դեռ իրենց զավակների՞ն են փնտրում, երբ շարունակում ենք սահմանին զոհ տա՞լ: Երեկ ողջ օրը մեր հանրության ադեկվատ մասը պարզապես շոկի մեջ էր, շատերը սա որակեցին որպես «ցինիզմ ու սրբապղծություն», զոհվածների հարազատների կողմից հնչեցին նաև սպառնալիքներ՝ «թող փորձեն»... Իհարկե, անկախ տարատեսակ «արդարացումներից», «սրբագրումներից», այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն շատ ավելի ցավալի է, որ կայանալու դեպքում այդ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությանը» մասնակիցներ են լինելու, շատ մասնակիցներ: 688 հազար քվեն՝ վկա, իսկապես մեծ, մասշտաբային, շքեղ տոնակատարություն է ստացվելու»:
«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, որոնց իշխանությունը ցանկանում էր «վերբովկա» անել, տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից մինչեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան: ՔՊ-ականների ընտրությունը, սակայն, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել: Ինչո՞ւ հենց Հարությունյանը. հարցի պատասխանը «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց հենց մարզպետից ստանալ: Նա, նախ, խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ապա մինչեւ երեկո անպատասխան թողեց մեր զանգերը: Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը պայմանավորված է սոսկ նրանով, որ իշխանությունը հավանական մյուս բոլոր թեկնածուների հետ ընդհանուր հայտարարի չի եկել: Գործող մարզպետն էլ պնդել է՝ կհամաձայնի առաջադրվել միայն այն պայմանով, որ եթե հանկարծ ընտրություններում ՔՊ-ն չհաղթի, ինքը պահպանի մարզպետի իր պորտֆելը: Միայն Գյումրիում չէ, որ այս աշնանը լինելու են ՏԻՄ ընտրություններ: Կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում «վաստակ եւ հեղինակություն» ունեցող թեկնածուների փախցնոցի է սկսվել քաղաքական ուժերի շրջանում։ Մեզ պատմեցին, որ թեկնածու գողանալու հարցում ռեկորդակիրը նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսղեկավարները շրջում են մարզերով եւ մրցունակ թեկնածուների հետ բանակցում՝ կուսակցության մեկենաս, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։ Բնականաբար, բավականին լավ պայմաններ առաջարկում թեկնածուներին՝ լավ ապագա խոստանալով։ Հիշեցնենք, որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշոր համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են լինելու, դրա համար էլ անհատները պարտադիր որեւէ քաղաքական ուժի ցուցակով պետք է մասնակցեն ընտրություններին։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ կուսակցականները վերջերս փախցրել են նաեւ «Լուսավոր Հայաստանի» Մեղրիի եւ Գորիսի թեկնածուներին։ ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը չհերքեց մեր տեղեկությունը։ «Այո, ունեմ նման տեղեկատվություն, որ «Առաքելություն» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ մեր նախկին գործընկեր Մանե Թանդիլյանը Սյունիքում հանդիպել են որոշ ԼՀ թիմակիցների եւ առաջարկել համատեղ մասնակցել ընտրություններին։ Քանի դեռ այս ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությունը հստակեցված չէ, չեմ կարող ասել, թե ինչպիսի առաջադրումներ կունենանք, իսկ թե ինչով են փորձել շահագրգռել՝ իրենց միանալու համար, տեղեկացված չեմ»,- ասաց նա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛, առավել ևս, դրանից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ «տորպեդահարում» էին 2007 թվականից շրջանառության մեջ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Ներկայիս իշխանությունները ժամանակին համարում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկված վատագույն տարբերակն է: Սակայն ներկայումս, կարծես, այս իշխանությունների համար այդ սկզբունքները դարձել են ընդունելի, նույնիսկ երանելի: Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ դրանով, ըստ էության, իշխանությունները հողին են հավասարեցնում Արցախի հարցում իրենց ձախողումները ամեն կերպ նախկինների «գրպանը գցելու» իրենց համառ ջանքերը և, ընդհանրապես, վերջնականապես փակում են այս հարցում «նախկինների» թեման՝ ընդունելով, որ լավագույն լուծումը եղել է նախկինների օրոք և Մադրիդյան սկզբունքներով: Իսկ Նիկոլ Փաշինյանը, Ալիևին կառուցողական համարելով, ընկավ նրա թակարդը և, «իր կետից» սկսելով, կործանեց ամեն ինչ՝ տալով հազարավոր զոհեր, հսկայական տարածքներ, թողնելով անորոշ ճակատագրով Արցախ։ Փաստորեն, ստացվում է՝ այս հարցում ևս նախկինները ճիշտ էին, Նիկոլը՝ էլի սխալ։ Ընդ որում՝ գործելով հայ ժողովրդի հանդեպ ճակատագրական սխալ։ Այնպես որ, հնարավոր է՝ եթե ժամանակին լսեր ընդդիմադիրների բազմաթիվ զգուշացումները, այսօր երկիրն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում։ Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները եւ կառավարության անդամների տգիտությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաեւ քայքայել նրանց նյարդերը։ Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։ Ի դեպ, ԱԺ-ն դեռեւս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում։ Ընդդիմադիր պատգամավորները թեեւ ստացել են աշխատասենյակներ, սակայն դրանցից որոշները լուրջ նորոգման կարիք ունեն։ Գույքի ընդունում-հանձնում էլ դեռեւս տեղի չի ունեցել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է: Արդյունքում իշխանության փոխարեն ընդդիմությունն է փորձում օգտագործել թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու իրենց հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով: Մասնավորաբար, «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես «Հայրենիք» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանձնաժողովում ցանկանում են ընդգրկել խորհրդարանական ու արտախորհրդարանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, ի տարբերություն իշխանություն ն ե րի, մտահոգ են Արցախի խնդրով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։ Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաեւ Ստեփանակերտի ուղղությամբ։ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են եւ խաղաղություն չեն հաստատում։ Մեր աղբյուրի կարծիքով՝ նրանց առջեւ կանաչ լույս են վառում Արցախի եւ ՀՀ իշխանությունները, որոնք չեն արձագանքում այդ սադրանքներին, հաղորդագրություններ չեն տարածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, նոտաներ չեն հղում, միջադեպերի վրա չեն հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։ Վերջերս էլ Շուշի տանող ճանապարհի սկզբում ադրբեջանցիները տեխնիկա են կենտրոնացրել՝ իբրեւ թե ճանապարհն են սարքում։ Մի քանի ժամ փակված է եղել Ստեփանակերտ տանող ճանապարհը, լուրը հասել է խաղաղապահներին։ Ռուստամ Մուրադովը կապ է հաստատել ադրբեջանցի պարետի հետ, ով պատասխանել է, թե՝ լավ ենք անում, մեր ճանապարհը չէ՞, ինչ կուզենք, կանենք։ Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» եւ հրահանգել ադրբեջանական տեխնիկան ոչնչացնել։ Այդպես էլ արել են՝ ճանապարհը փակած տրակտորը հրել-գցել են ձորը։ Հիշեցնենք, որ Մուրադովի ծառայության ժամկետը լրացել է, նրան, մեր տեղեկություններով, կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը>:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել: Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան: Մեր տեղեկություններով՝ իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել. ֆրակցիայից ասել են, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպեն ու, ի վերջո, նրանց գոնե դեմքերով կճանաչեն: Իշխանության պատգամավորներին դեռեւս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն: Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը: Բայց շատ կարեւոր է իմանալ նաեւ, թե ՀՀ-ում պատվաստված 6 տոկոս քաղաքացիներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը` օտարերկրացիներ, եւ ամենակարեւորը` քանիսն են նրանցից բուժաշխատողներ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարությունից պատասխանեցին, թե միայն ամեն ամսվա վերջում կարող են տալ թվեր, թե քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստում հանձնարարել էր Առողջապահության նախարարությանը ամեն օր հրապարակել, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են ՀՀ, քանիսն են օտարերկրյա քաղաքացիներ: Այսինքն` վարչապետի հանձնարարականը հետեւողականորեն չի կատարում Անահիտ Ավանեսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց նաեւ, թե օտարերկրացիների համար օգտագործված պատվաստանյութերը ՀՀ պետբյուջեի վրա մինչ օրս ինչ են արժեցել, սակայն այս հարցին էլ չպատասխանեցին: Որպես ամփոփում` պետք է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ՀՀ պետբյուջեից՝ հարկատուների հաշվին գնել է պատվաստանյութ եւ մոտ վեց ամիս զբաղված է, իսկ պատվաստման գործընթացը նմանվում է պատվաստանյութերի մսխման, քան թիրախային խմբերի առողջության պահպանման գործընթացի: Նախարարությունը ցուցանիշ է ապահովում, այլ ոչ թե զբաղվում մարդկանց առողջության, վարակից հեռու պահելու կարեւորագույն աշխատանքով: Դա է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունը տարածաշրջանում ունի ամենացածր վարկանիշը իր քաղաքացիների շրջանում. Ընդամենը 6 տոկոսն է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ պատվաստվել, ու դեռ չգիտենք, թե այդ վեցից քանիսն են օտարերկրացի»: