23.11.2024
Հայտնի է՝ ովքեր են գլխավորելու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սամվել Բաբայանը սկիզբը կդնի Մեղրիից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաեւ Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի քաղաքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը: «Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, ով հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո: Որոշել եմ առաջադրվել, որովհետեւ այսօր, ինչպես երբեւէ, Մեղրիի առաջ ծառացած են ինչպես անվտանգային, այնպես էլ մի շարք այլ առօրյա Խնդիրներ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա, ֆեյք ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ավելին`նրանք նույնիսկ ավելի լրջորեն են անցել նախապատրաստական աշխատանքների, քան իշխանությունն ու հիմնական ընդդիմությունը: Իհարկե, նրանց վերջում վերապահված է լինելու իշխանության ՙհաճախորդի՚ դերակատարությունը համայնքներում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»: Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի խափանման միջոց կալանավորումը դեռեւս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով: Դավթյանի պաշտպանները 15 մլն դրամ գրավի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը բավարարել էր: «Այո, Դավթյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում է փոխվել, դատական ակտն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում»,-«Ժողովրդի» հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին փոխնախարարը, որի կաշառքի գործը իշխանությունը, մատի փաթաթան դարձրած, միշտ օրինակ է բերում ու գլուխ գովում, թե սեփական թիմակիցների նկատմամբ էլ են անհանդուրժող, գրավը վճարելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ-ի տնօրենի ֆինանսական գծով խորհրդական է նշանակվել: «Վերջին շրջանում հիվանդանոցում չենք տեսել, բայց անընդհատ գալիս-գնում է»,- ասացին «Արմենիա» ԲԿ-ից: Ի դեպ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ի թիվս այլ՝ «պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների եւ կամավորների կյանքեր փրկած» բուժաշխատողների՝ Պաշտպանության նախարարության պատվո մեդալով է պարգեւատրվել նաեւ Դավթյանը՝ պատվո կաշառակեր շքանշանակիրը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ ուներ նրան նշանակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնում. դա եղել էր նաեւ Հայրապետյանի պահանջը: 44-օրյա պատերազմը եւ ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն, փոխեցին իրավիճակը, ու արդյունքում Հայրապետյանը մնաց օդից կախված: Վերջինս ցանկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար նշանակվել՝ Սփյուռքի գծով, սակայն, արի ու տես, ամիսներ է անցել, բայց Հայրապետյանը դեռեւս անգործ է: Մենք տեղեկացանք, որ Հայրապետյանը թիմից շատ վիրավորված է ու, կարելի է ասել, թիմի հետ կտրել է իր կապը: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանի հետ Փաշինյանի «թարսվելը» կապված է այն հանգամանքով, որ վերջինս թիմի ժողովների, հավաքների ու քննարկումների ժամանակ շատ կոպիտ է խոսում, անընդհատ փնովում է իրենց աշխատանքը, ինչի համար էլ արժանացել է նման վերաբերմունքի: Մենք փորձել ենք Մխիթար Հայրապետյանի հետ այս հարցերի շուրջ զրուցել, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հայրապետյանն անհետացել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին օրակարգ է բերելու այս նախագիծը, որը, ի դեպ, ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կմերժեն՝ փաստարկելով, թե Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը կսրի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանա արտերկիր մեկնել եւ տարբեր խորհրդարաններում հյուրընկալվել։ Պաշտոնական Ադրբեջանը տարբեր առիթներով հայտարարել է, որ արգելում է ՀՀ իշխանություններին Արցախ մեկնելը, ընդհանրապես Արցախի հարցը ՀՀ օրակարգ դարձնելը։ Եվ այլ պետություններին էլ այցերի կամ Արցախի ճանաչմանն ուղղված ցանկացած քայլի համար բողոքի նոտաներ է հղում, սեւ ցուցակներ կազմում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը․ «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։ Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի եւ համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։ Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել եւ ում առաջադրել։ Դաշինքից տեղեկացանք, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռեւս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։ Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել եւ ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը։ Ավելին, մարտին աճուրդի առաջին փուլն էր տեղի ունեցել, 6 ավտոմեքենա էին վաճառքի հանել, հավաքել էին նաեւ Թովմասյանի, ՊԲ հրամանատարի ավտոմեքենաները։ Իսկ հիմա ավելի թանկարժեք մեքենաներ են նրանց հատկացրել՝ Արզումանյանին տրամադրել են Տոյոտա Լենդ Կրաուզեր -200, իսկ Արթուր Թովմասյանին ԱԱԾ նախկին պետ Կամո Արզումանյանին, ապա պետնախարարին սպասարկող ծառայողական մեքենան են հատկացրել։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա պատերազմից հետո էլ առանձնապես խնայողությունների չի տրվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։ 2004-2013 թվականի արարքներն են հիշել եւ, ըստ հաղորդագրության, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:


Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: Մեզ այլ մանրամասներ եւս հայտնի դարձան: Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, եւ, տարածված խոսակցությունների համաձայն, մինչեւ օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել եւ նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց: Նկատենք՝ դեռ 2019 թվականին Տիգրան Ավինյանը քննադատվեց Ապարանում առաջին հանրապետության անկախության առթիվ կազմակերպված միջոցառումներին Աղվան Հովսեփյանի կողքին լինելու համար, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվեց: Մեկ այլ վակածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, եւ Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: Ինչո՞ւ եք վրեժ լուծում. այս հարցի մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, որին ի պատասխան՝ վերջինս նշեց. «Ոնց որ Դուք եք այդ դեպքի մասին մամուլից տեղեկացել, այնպես էլ ես։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակից Արմեն Թավադյանը վերջին ամիսներին սկսել է նկարել եւ արվեստից հասկացողների կարծիքով՝ բավականին հաջող։ Նա անցյալում չի նկարել եւ նկարելը հանգստանալու, լիցքաթափվելու միջոց է դիտում։ Թավադյանն առայժմ իր գեղանկարները նվիրում է ընկերներին, բայց արվեստից հասկացող մարդիկ ասում են, որ դրանք կարող են նաեւ պահանջարկ ունենալ արվեստասերների շրջանում։ Նա յուրօրինակ ոճ եւ ձեռագիր ունի, ինչը սկսնակ նկարիչները, որպես կանոն, չեն ունենում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա յոթ ամիսներին բնական հավելաճը կազմել է 1252, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 2 հազար 299 էր, 2019թ.՝ 3 հազար 579, 2018-ին՝ 4 հազար 87: Իսկ եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198 եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157: Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 7 ամիսների ընթացքում մահացել է 18 հազար 874 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 17 հազար 136 էր, 2019թ.` 15 հազար 793: Փոխարենը բարձրացել է ծնելիության ցուցանիշը. մեկ տարվա ընթացքում 691-ով ավելացել է ծնվածների թիվը: