24.11.2024
Գերմանիայի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Օհանյան. Առավել վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, մենք չենք տեսնում

ՌԴ հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական վարկային համաձայնագրին, որը վավերացվել է մեկ տարի առաջ և որով Հայաստանին ՌԴ-ն պետք է 200 մլն դոլարի վարկ տրամադրեր ռուսական արտադրության զենք գնելու համար, Սեյրան Օհանյանն ասաց, որ այն իրականացվում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում, և Հայաստանը ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով ու կապ ունենա տարբեր կազմակերպությունների հետ:

«Միջպետական վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են: Պայմանագրերի 80 տոկոսը կնքվել են, նախապատրաստական աշխատանքների հիմքում գործընթացն առաջընթաց է արձանագրել և մոտ ժամանակներս այդ 20 տոկոսի պայմանագրերը կկնքվեն»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այս օրերին Ազգային Ժողովում քննարկվող հայ-ռուսական համաձայնագրին՝ միավորված ՀՕՊ համակարգի ձևավորման մասով, Օհանյանն ասաց, որ այդ համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որ կովկասյան տարածաշրջանում մեր օդային պաշտպանության խնդիրներում Հայաստանը կարողանա ներառել ռուսական ռազմաբազայի չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները: Դրանք, ըստ պաշտպանության նախարարի, հնարավորություն կտան, որ լուրջ հետախուզական տվյալներն ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կանխարգելեն բոլոր խախտումները, որ կիրականացվեն հակառակորդների կողմից: «Այս իմաստով առավել վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, մենք չենք տեսնում»,-շեշտեց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմական ժամանակահատվածում Հայաստանում գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվել ու պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության և հատկապես ՀՕՊ և Ավիացիայի ղեկավարության կողմից.
«Վստահ եղեք դրանում»,-վստահեցրեց նախարարը: