VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով,
Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնoրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Ի դեպ, այս պաշտոնանկությունը եւս կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակվել է
Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխավորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում՝ դիմում է գրել նաեւ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ
Մնացական Մարուքյանը: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Կուտոյանը մտադիր է քննչական վարչությունում ստեղծել նոր բաժին, որը կքննի կարեւոր, աղմկահարույց գործերը: Այն կգտնվի անմիջապես ԱԱԾ պետի կուրացիայի տակ, իսկ այդտեղ աշխատելու պատվին կարժանանան «ընտրյալները»: Շատ հնարավոր է, որ հին քննիչներից ոմանք չընդգրկվեն այդ բաժնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական համակարգի հատկապես ընտրական գործընթացներից քաջատեղյակ շրջանակներում համոզված են, որ ընտրական ցուցակների կազմման համակարգը չի փոխվի, եւ միայն նույնականացման քարտ ստացածներին ընտրական ցուցակներում ընդգրկելու մոտեցումն, ի վերջո, կյանքի չի կոչվի: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանությունների համար «ձայներ» ապահովելով, համոզված են, որ իշխանությունները չնայած խոստանում են ընտրական ցուցակները «մաքրել», այնուամենայնիվ, իրականում նրանք այդ քայլին չեն գնալու: Հենց այդ նպատակով էլ իշխանությունները համակարգի ներդրումը պայմանավորել են դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման անհրաժեշտությամբ: ՀՀ ղեկավարությունը շատ լավ գիտի, որ դոնորները արդեն իսկ խոստացել են 9 մլն եվրո հատկացնել, եւ ավել գումար տրամադրելու հավանականություն գրեթե չկա: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով անհրաժեշտ է 16 մլն եվրո: «ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՀՀ իշխանություններն իրականում չեն ցանկանում ընտրացուցակների կազմման համակարգը փոխել, դրա համար են նախագիծը դրսի դոնորների հույսով ընդունում, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք մեր խոստումները կատարել ենք, միանգամից արտահերթ նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, եւ այն հայտարարությունը, որ ստորագրել ենք, կետ կա, որ դիմում է միջազգային դոնոր կազմակերպություններին, եւ այն կողմերը, որ բանակցել են, բանակցել են միասին միջազգային կառույցների հետ եւ եղել են բաց, թափանցիկ, բոլորի համար հասանելի: Եւ միջազգային հանրությունն է հավանություն տվել, եւ ասել՝ այս կամ այն հարցի շուրջ եթե կգաք համաձայնության եւ ընդհանուր եզրահանգման, մենք այդ ընդհանուր եզրահանգումը դրամական միջոցներով կներկայացնենք եւ կիրականացնենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հնարավորությունը լինի, բայց այս ձեւի մթնոլորտը, անլուրջ պահվածքը, կարծում եմ, ազդակ կարող է լինել միջազգային դոնոր կազմակերպություններին»: Տեսնենք, թե ինչով կավարտվի դրսի փողերով ներսում ժողովրդավարություն ապահովելու շղարշ ունենալու ձգտումը»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ
Սերժ Սարգսյանն ինքը կորոշի, թե ինչ կարգավիճակով է շարունակելու քաղաքականության մեջ մնալ ՀՀԿ-ի «հաղթանակից» հետո: Բաղդասարյանն ասել է, որ ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել այդ հարցը: Այդպիսով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, փաստորեն, հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում, որը կապված կլինի նրա հետագա կարգավիճակի հետ: Կիսո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ի մեծամասնությունը Վահրամ Բաղդասարյանի այս տեսակետը, կամ ընդհանրապես իշխանական մեծամասնությունը, թե՞ Բաղդասարյանն արտահայտում է լոկ իր կարծիքը: Քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նախօրեին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում: Եվ ահա դրանից հետո Բաղդասարյանը հայտարարում է, որ չէր էլ պատկերացնում նրան քաղաքականությունից դուրս, իսկ թե հատկապես որ տեղում՝ Սարգսյանն ինքը պետք է որոշի: Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի մտադրությունից հետո հայտարարում է իր լոյալությունը դրան: Եթե դա միայն Վահրամ Բաղդասարյանի կարծիքն է և ոչ թե ՀՀԿ-ի մեծամասնության, ապա սա նշանակում է, որ առաջիկայում Բաղդասարյանի օրինակին պետք է հետևեն այլ ՀՀԿ-ականներ, և ով չհետևի այդ օրինակին, կնշանակի՝ այնքան էլ համաձայն չէ Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ մնալու կամ կարգավիճակը միանձնյա որոշելու մտադրությանը»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երրորդ անգամ վերընտրված
Ռադիկ Մարտիրոսյանից երեկ «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում գիտական ինչ ձեռքբերում կարող է առանձնացնել, ի՞նչ հայտնագործություն է դա կամ, ասենք, ո՞ր գիտական հոդվածը։ Մինչ կոնկրետ օրինակներին անդրադառնալը՝ Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել, այն էլ՝ էական։ Նա վկայակոչեց ՅՈԻՆԵՍԿՕ-ի՝ հնգամյա պարբերականությամբ հրապարակվող զեկույցը, որը վերաբերում է գիտությանը։ Զեկույցում ներկայացվում են տարածաշրջանի գիտական արդյունքները՝ աշխարհի հեղինակավոր ամսագրերում հրատարակող հոդվածների տեսքով, եւ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում աճը նկատելի է եւ պահպանվել է ամեն հաջորդ տարի՝ սկզբնական պատկերի համեմատությամբ, թեպետ որոշ չափով կորն ունի վայրիվերումներ։ «Օրինակ 2006-ից մինչեւ 2010 թ. մեր տարածաշրջանը ՅՈԻՆԵԱԿՕ-ն կոչում էր կենտրոնական եւ արեւմտյան Ասիա, որի մեջ մտնում էին Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրները։ Հաջորդ հնգամյակում, 2010– 2015թթ., տարածաշրջանը լայնացվել է եւ անվանվում է սեւծովյան ավազանի երկրներ, որի մեջ մտնում են Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Իսրայելը։ Մեր տպագրությունների թիվը 2005 թվականին եղել է 381։ Հաջորդ տարիներին անընդհատ աճ ենք ունեցել, իսկ 2012 թ. նույնիսկ հասել է 775-ի։ Հետո մի քիչ նվազել է մինչեւ 690-ի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։ Յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով գիտական հոդվածների տպագրության առումով Հայաստանը վերը նշված երկրներից զիջում է միայն Իսրայելին, Իրանին եւ Թուրքիային։ Մեր երկրի դեպքում այդ թիվը 232 է, Թուրքիայի՝ 311»: