Թուրքիայի նախագահ Էրդողանը օդանավում ավանդական մամուլի ասուլիսն է տվել թուրքական լրատվամիջոցներին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն առանձնարել է կարևորը.
"Եթե մի կողմ դնենք դիվանագիտական լղոզված ձևակերպումները, ապա, ըստ էության, նա վերաշարադրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց թելադրած նախապայմանները.
հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա, այսինքն՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը;
ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է լինի խոչընդոտ, միակողմանի մեղադրանքների փոխարեն դեպի ապագան նայող մոտեցումներ պետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է դադարի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության և 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Ադրբեջանի հետ միասին գործած հանցագործությունների մեջ;
Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է կնքի խաղաղության պայմանագիր, այսինքն՝ լիարժեք հրաժարվի Արցախից;
Պետք է կատարվեն նոյեմբերի 9-ի պարտավորությունները, այսինքն՝ բացվի Սյունիքի «Թյուրքական միջանցքը»։
Ահա սրանք են Թուրքիայի կողմից մեզ առաջադրվող նախապայմանները, որոնց կատարման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և հնարավոր է՝ բացի իր կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանը։
Հաշվի առնելով վերջին օրերին ՀՀ դե ֆակտո իշխանության և դրա պարագլուխ կապիտուլիանտի հայտարարությունները Թուրքիայից անհասկանալի դրական ազդակների մասին, ինչպես նաև Էրդողանի կողմից այսօր արտահայտված «մեծ ցանկությունը, որ Հայաստանի նոր կառավարությունը տարածաշրջանի համար կլինի դրական գործոն», կարելի է եզրակացնել, որ եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում լինի որևէ էական զարգացում, ապա կնշանակի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է վերոնշյալ նախապայմաններին։
Հայաստանը պետք է հարաբերություններ կարգավորի Թուրքիայի հետ, սակայն դա երբեք չպետք է լինի մեր ազգային ու պետական շահերի հաշվին, ինչպես որ հիմա է",- գրում է թուրքագետը:
Ի՞նչ է առաջարկել Էրդողանը Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, անդրադառնալով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին, նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։ Այդ մասին նա ասել է լրագրողներին պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ «տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան»:
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ ընդգծելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի և կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար:
«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական, և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։
Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։
Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։