2020 թվականին Արցախում պատերազմով և պանդեմիայով պայմանավորված Հայաստանն արձանագրել է 8 տոկոսից ավելի հետընթաց: Սակայն այս ավերիչ հետևանքներրից հետո, 2021 թվականի առաջին վեց ամիսներին արձանագրում ենք վերականգնողական աճի էական տեմպերը, ինչը լավատեսություն է ներշնչում: Այս մասին ասուլիսում հայտարարեց "Ինտեգրացիա և զարգացում" ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, մայիսի համեմատ այս հունիս ամսին այդ զարգացումները, ըստ պաշտոնական վիճակագրության, կրում են առաջանցիկ բնույթ և խոսում են այն մասին, որ տնտեսության վերականգնման դինամիկան պոզիտիվ դաշտում է.
"Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում մենք արձանագրում ենք վերականգնողական աճ, զարգացումներ, որոնք ունեն շարունակական միտում և հույս ունենք, որ այդ աճը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության ու հասարակության վրա",- ասաց նա:
Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ "Հայաստանի տնտեսության զարգացման համար բացված են ունիկալ հնարավորություններ", ինչը պայմանավորված է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացում ևս առկա դրական ազդակներով: Այս միավորման շրջանակում ՀՀ հիմնական գործընկերներ Ռուսաստանն ու Ղազախստանը արձանագրում են այնպիսի վերականգնողական աճ, որ 2021 թվականի երկրորդ կիսամյակում նրանց տնտեսությունը վերադարձել է նախապանդեմիկ շրջանի ցուցանիշներին: Եվ այս երկու երկրները, մասնավորապես, դուրս են եկել կայուն զարգացման ուղի:
"ԵԱՏՄ շուկաների առանձնահատկությունն այն է, որ դրական ազդակները ավելի արագ ու ավելի մեծ չափով իրենց վրա զգում են փոքր տնտեսությունները, ինչպիսիք են Հայաստանի և Ղրղզստանի տնտեսությունները, և մի փոքր ավելի դանդաղ մեծ տնտեսությունները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը: Այնպես որ այն 2-3 տոկոսանոց աճը, որը կունենա ՌԴ տնտեսությունը 2021 թվականին, լիովին բավական է նրա համար, որպեսզի մենք, կենտրոնացնելով մեր հնարավորությունները, գտնելով համագործակցության ու փոխգործակցության նոր հնարավորություններ, կարողանանք ավելի առաջանցիկ տեմպերով առաջ տանել մեր տնտեսական զարգացումը",- ընդգծեց նա:
Արամ Սաֆարյանը նաև ավելացրեց, որ այս ամենում շատ բան է կախված լինելու կառավարության կարողությունից համախմբել բիզնեսը և հասարակությունը զարգացման խնդիրների շուրջ.
"Միջազգային խոշոր կազմակերպությունները Հայաստանի համար կանխատեսում են 4.5 տոկոս զարգացման ցուցանիշ տարեվերջին: Մեզ հարկավոր են այնպիսի տեմպեր, որոնք հասարակության համար կլինեն զգալի և կնպաստեն սոցիալական զարգացման ընդհանուր խնդիրներին: Եթե մենք ի վիճակի լինենք 2023 թվականի համար ապահովել 7 տոկոս և այդպիսի զարգացում կարողանանք ապահովել 7-8 տարի, ապա ընդամենը 8 տարի հետո ՀՀ ՀՆԱ-ն կկարողանանք կրկնապատկել և դուրս կգանք միջին զարգացած երկրների շարքից՝ անցնելով զարգացող երկրների շարքը: Բայց դրա համար հարկ է գործադրել շատ մեծ ջանքեր: Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը, պատրա՞ստ է մեր քաղաքական վերնախավը և կառավարությունը, որ մենք ոչ միայն կարողանանք վերականգնել 2019 թվականի տնտեսական զարգացման ցուցանիշները, այլև առաջ անցնել և ապահովել կայուն զարգացում տեսանելի միջնաժամկետ հեռանկարում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է գտնի նաև հասարակությունը, քանի որ միայն կառավարության հայտարարությունները քիչ են: Հասարակությունը պետք է կարողանա համախմբվել",- հավելեց Արամ Սաֆարյանը: