VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Իրատես e facto» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության առաջին էշելոնում շատ ծանր են տարել, որ Պապի եռօրյա այցի ողջ ընթացքում իրենք գրեթե չեն «երևացել» Պապի ֆոնին ու ստիպված զբաղվել են իրենց անմիջական գործով՝ Արթիկում ջրհեղեղի վերացման աշխատանքներով: Հակառակ դրան, ԱԺ նախագահ
Գալուստ Գրիգորիչը բավականին ակնառու «երևացել» է Պապի կողքին, ինչը նույնպես ՀՀԿ-ական շրջանակներում բուռն քննարկման թեմա է այս օրերին: Շատերը կարծում են, որ առաջիկայում ՀՀԿ-ում «ռեստավրացիոն-սերնդափոխական» լուրջ գործընթացներ են սպասվում, այդ թվում՝ կառավարության կազմում՝ սեպտեմբերից սկսած»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս Վանաձորի ՏԻՄ ընտրություններից: ՀՀԿ ավագանու քաղաքապետի թեկնածուներից մի քանիսը՝ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն
Հարություն Անտոնյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ
Հրայր Անտոնյանի եղբայրը, Լոռու գազի գրասենյակի տնօրեն
Վարդան Բաղդասարյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյանի եղբայրը, ամեն ջանք գործադրել են ամենաբարձր մակարդակից «դաբրո ստանալու» համար: Սակայն վերջնական ընտրությունը կանգնել է նոտար
Մամիկոն Ասլանյանի վրա, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանել է ԱԺ պատգամավոր
Կարեն Կարապետյանը: Վանաձորի մեր աղբյուրները նշում են, թե ՀՀԿ-ն առաջնորդվել է «չարյաց փոքրագույնի» սկզբունքով՝ նրան առաջադրողները մտածում են, որ Ասլանյանը վարկաբեկված չէ, ներքաշված չի եղել քաղաքական խաղերի մեջ եւ մյուս թեկնածուների համեմատ ավելի բարձր վարկանիշ ունի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում, ժամը 12։00-ին գումարվելու է կառավարման խորհրդի նիստ, որը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 3 թեկնածուներից մեկին: Թեկնածուներից
Սերգեյ Առաքելյանն աշխատում է ՀՔԾ-ում, դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Սարգիս Թորոսյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար
Գրիգոր Մուրադյանն է: Մյուս թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ
Թամարա Շաքարյանն է: Լավատեղյակները պնդում են, թե հաղթելու է Սերգեյ Առաքելյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար
Սամվել Բաբայանին: Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եւ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնականում խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, պարտատերերից եւ ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն: Ավելին՝ նրանցից շատերը ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը: Ի դեպ, նկատենք, որ տվյալ դեպում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաեւ մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը, որոնք Բաբայանը կուտակեց Հայաստանում սկսած ու ձախողված բիզնեսի արդյունքում»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «
Սերժ Սարգսյանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե «Հանրապետական» կուսակցությունը ընտրություններում չհաղթի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չի ունենա: Միաժամանակ Սարգսյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կպարտվի: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, փաստորեն, հերթական անգամ ակնարկում է իր, այսպես ասած, մնալու մտադրության մասին: Եթե նա ասում է, որ ՀՀԿ-ի պարտվելու դեպքում քաղաքականության մեջ անելիք չունի, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ի «հաղթելու» դեպքում նա ունի անելիք: Թե հատկապես ինչ տեսքով, Սերժ Սարգսյանն առայժմ չի բարձրաձայնում՝ վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, թե՞ ՀՀԿ կուսակցապետ, այսպես ասած՝ ստվերային ղեկավարման սկզբունքով: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար դեռևս այս ամենը անորոշ է, և այդ պատճառով էլ նա չի բարձրաձայնում իր առավել կոնկրետ մտադրությունները կամ ծրագրերը: Մյուս կողմից՝ հետաքրքրական է, որ Սարգսյանը իր մնալու մտադրության մասին բարձրաձայնում է Հռոմի Պապի այցելությունից հետո: Նշանակու՞մ է սա արդյոք, որ այս հարցում Սերժ Սարգսյանն ակնկալում է Վատիկանի աջակցությունը միջազգային ասպարեզում, ուժային տարբեր կենտրոնների մոտ իր մնալու հարցի հավանության առումով: Դժվար է ասել, սակայն խորհրդանշական է, որ Սարգսյանն այդ մասին ակնարկում է հենց Հռոմի Պապին ճանապարհ դնելուց հետո»: