Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստում սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
Աղմկահարույց համաձայնագրի քննարկման մեկնարկին ԱԺ փոխնախագահ
Էդուարդ Շարմազանովը, դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար
Արա Նազարյանին ասաց, որ այս ընթացքում տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին՝ մի մասը պրոֆեսիոնալ, մյուսը՝ ոչ: Շատերը, ըստ Շարմազանովի, հայտարարեցին, որ սա հակաօդային միասնական համակարգի ստեղծում է, սակայն այն դեպքում, երբ ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, սա միավորված, այլ ոչ թե միասնական պաշտպանություն է: Էդուարդ Շարմազանովը հատուկ շեշտեց միասնականի ու միավորվածի տարբերությունը.
«Արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ներքին ինքնուրույնությունը և ուղիղ ենթարկվելու են ՀՀ ղեկավարությանը»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան այս հարցադրման պաշտպանության փոխնախարարն ասաց՝ միանշանակ՝ այո:
Նազարյանը նաև հայտարարեց, որ հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը
չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին:
«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Արցախի վրա, սակայն մեր ռազմական դոկտրինով՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը», - նշեց նա:
Հնչող այն քննադատությանն էլ, թե ի՞նչ կլինի, երբ պատերազմի վտանգ լինի, Նազարյանն ասաց, որ հավանական պատերազմը միայն Լեռնային Ղարաբաղին չէ, որ վերաբերելու է և հնարավոր է Հայաստանին էլ վերաբերի:
«Այդ ժամանակ ամեն ինչ կերևա: Մենք բավարարից բարձր ՀՕՊ միջոցներ ունենք, ինչի շնորհիվ ապահովում ենք մեր անվտանգությունը», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ավելացրեց, որ Հայաստանի Զինված ուժերը «ազատ և անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե քաղաքացիների մի մասը բարեխիղճ մոլորության մեջ է և կարծում է, որ Հայաստանը իր անվտանգությունը հերթական անգամ վաճառում է Ռուսաստանին:
«Ես պատահական չեմ համարում նաև այն, որ այս պայմանագրից դժգոհ է նաև Ադրբեջանը՝ ադրբեջանական մամուլը պանիկա է բարձրացրել այս համաձայնագրի վավերացման շուրջ»,- մատնանշեց Զոհրաբյանը:
Սակայն Արա Նազարյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր բարեխիղճ մոլորության մեջ են, չանհանգստանալ, քանի որ որևիցե մտահոգիչ խնդիր այս համաձայնագրի վավերացմամբ առաջանալ չի կարող, նույնիսկ հակառակը:
«Իսկ ովքեր բարեխիղճ մոլորության մեջ չեն, նրանց ասելու ոչինչ չկա. մարդիկ այդ թյուր տեղեկատվությունը շրջանառում են իրենց մանր շահերից ելնելով »,-հավելեց նա:
Պատգամավոր
Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ միասնական համակարգ է գործում, արդյո՞ք այս համաձայնագրի վավերացմամբ այդ համակարգը պետք է տարանջատվի: Արա Նազարյանի խոսքով՝ ոչ, նման խնդիր չկա.
«Պարզապես լրացուցիչ հնարավորություններ են ձեռք բերվում ՀՀ սահմաններն առավել էֆեկտիվ պաշտպանել: Տարանջատման հարց չկա. նույն խնդիրները կիրականացվեն»,- հավաստիացրեց փոխնախարարը:
Պատգամավորի այն հարցին, թե արդյոք այս համաձայնագիրը խնդիրներ առաջ չի քաշի Հայաստանի հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ, Նազարյանն արձագանքեց, որ բացարձակապես որևէ խնդիրներ չենք կարող ունենալ, քանի որ աշխատում ենք նույն ռեժիմում՝ անկախ նրանից միավորված տարածաշրջանային համակարգ կլինի, թե ոչ:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: