26.11.2024
Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ. Երեւանն ու Բաքուն պատրաստվում են զիջումների՞
prev Նախորդ նորություն

Նախարար. Ադրբեջանի ԶՈՒ-ը փորձարկում են հակառակորդի առաջնագծի ճեղքումը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ այս օրերին Նախիջևանում և Կասպից ծովում տեղի ունեցող զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զորքերը փորձարկում են «հակառակորդի առաջնագծի ճեղքումը»:

Նշենք, որ այս զորավարժություններին ներգրավված են 25 հազար զինծառայողներ, 300 միավոր տանկեր և զրահամեքենաներ, 100 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, ռազմական ավիացիայի 40 միավորներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգեր: Պաշտոնական վարկածով՝ զորավարժությունների նպատակն է զորամիավորումների ղեկավարման, ռազմական փոխգործակցության և համակարգման մակարդակի բարձրացումը՝ ժամանակակից համաբանակային մարտի վարման պայմաններում:

Զորավարժությունները, որոնց պայմանները, ըստ Զաքիր Հասանովի, առավելագույնս մոտեցված են իրական մարտական պայմաններին, մեկնարկել են հունիսի 17-ից և տեւելու են մինչև հունիսի 24-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել էր այս զորավարժություններին՝ մատնանշելով, որ Ադրբեջանը խախտել է միջազգային օրենքները՝ չծանուցելով դրանց մասին պատշաճ կարգով: ՀՀ ՊՆ-ից նշել էին, որ համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

«Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել»,- հայտնել էին ՊՆ-ից: