Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, որի պատճառը Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներն են: Դրանք, վարչապետի պաշտոնակատարի կարծիքով, նորանոր սպառնալիքներ են ստեղծում «մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»: Այս համատեքստում նա ընդգծել է այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը ապահովելու գործում։
«Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում», - ասել է նա ու հավելել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածարջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:
Նա նկատել է՝ Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում կոմունիկացիաների բացումը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:
«Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ», - ասել է նա:
Հայաստանի կառավարությունը, նար խոսքով, հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը: «Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցային գործընթացին», - եզրափակել է Փաշինյանը: