Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:
«Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին», - ասել է Դավիթ Բաբայանը:
Դա, ըստ նրա. նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, - աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով «մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում»: «Այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը», - նշե է նա ու հավելել, որ ադրբեջանական կողմն այս համատեքստում անցել է «Զանգեզուրն ադրբեջանական է» թեզի պրակտիկ կիրառմանը:
«Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր», - նշել է նա:
Նա կոչ է արել սթափվել, հասկանալ՝ ինչ է կատարվում: «Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները», - ասել է նա:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում