28.11.2024
Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել. Դավիթ Բաբայան
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը ստորագրել է պատերազմից տուժածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:


Հաշվառված շահառուներին բնակտարածքով ապահովելու նպատակով իրականացվում և իրականացվելու են, ի թիվս այլ միջոցառումների, բնակֆոնդի ձևավորման հետևյալ աշխատանքները.


Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են բազմաբնակարան շենքեր` շուրջ 1200 բնակարանով:



Հանրապետության գյուղական բնակավայրերում կառուցապատվում են առնվազն 20 նոր բնակելի թաղամասեր, որի շրջանակում կկառուցվեն ավելի քան 2297 բնակելի տներ ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչների համար: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով:


Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 1000 և երկրորդային շուկայից՝ ավելի քան 500 բնակտարածք:


Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 70 բնակարանի և երկրորդային շուկայից կգնվի և կվերանորոգվի շուրջ 1000 միավոր բնակտարածք:


Ծրագրի շրջանակներում ապահովվելու է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը և բնակտարածքների կահավորումը:



Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Արցախի Հանրապետության պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:


«Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին առաջիկայում առանձին կանդրադառնամ: Նման ծրագրերի միջոցով լուծելու ենք բնակարանային ապահովման կարիք ունեցող մեր բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրը։ Նշեմ, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում գործող պետական բնակարանային ծրագրերը ևս ուժի մեջ են, և կառավարությունը շարունակում է զուգահեռաբար իրականացնել իր պարտավորությունները մնացած շահառու խմբերի հանդեպ»,- գրել է Հարությունյանը:


Վերոնշյալ նոր ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: