Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որեւէ հիմք չկա: Այդ մասին կառավարության հուլիսի 8-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՍԴ-ում ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Հայոց հայրենիք», «Զարթոնք» կուսակցություները: Սահամանդրական դատարանը որոշել է մեկ գործի շրջանակում քննել չորս ուժերի դիմումները, քանի որ դրանց պահանջը նույնն է: Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11։00-ին։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել պահաջելուց առաջ պետք է ծանոթանալ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություներին:
«Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին եւ համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետը: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ», - ասել է Բադասյանը:
Ըստ այդմ նա օրինակ է բերել, որ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների, այդ թվում ընտրատեղամասերում, մասին:
«Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի պգանահատակններ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության ձեռքբերումը չի, ընդդիմության ձեռբերումը չի, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց նա: