27.11.2024
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան
prev Նախորդ նորություն

Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ՀՀ-ում առկա «Աստրազենեկա»-ի հավաստագիրը ԵՄ-ն չի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է տարածվող լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանն ընդգծեց, որ այդ լուրերը կեղծ են:


«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «Աստրազենեկա» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «Աստրազենեկա» պատվաստանյութը»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը։


Հուլիսի 7-ին լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել էր՝ Հայաստանում «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։


Ավանեսյանն անդրադառնալով այս խնդրին ասաց. «Այստեղ չի կարելի շեշտել, որ ԵՄ-ն չի ընդունել «Աստրազենեկայի» պատվաստումը: «Պետք է գրագետ ձևակերպել խնդիրը. վերջերս Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումներն ընդունելի տարբերակ կդառնան Եվրամիության երկրների մուտքի համար: Դրանից հետո Եվրամիության ամեն մի երկիր սկսել է տեխնիկական հատվածը՝ ճանաչելու մեր սերտիֆիկատների ֆորմատները: Բոլոր երկրներն էլ սկսել են հավելվածների միջոցով փոխճանաչման գործընթացը, որն ընթացքի մեջ է: Հայաստանը որևէ բան չի ուշացնում, դա գործընթաց է, որը բոլոր երկրներն անցնում են»,- ասաց նա:


Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ այն երկրների ցանկը, որոնք արդեն ճանաչել են՝ Հայաստանի հավելվածը տրամադրելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: