Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ անկայունության օջախներ են առաջանում: Այսօր Մոսկվաույմ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ վերջին ժամանակներս հաճախ քննարկում են անվտանգության հետ կապված հարցեր, որովհետև «մեր տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է»:
«Իհարկե, բոլորը գիտեն 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու գործում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Եվ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատակններով, կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում», - ասել է նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: «Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»:
Պետք է տեղեկացնեմ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, սակայն ի ուրախություն մեզ այստեղ առանց ուրախ լուրերի իրավիճակ չէ, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք:
Պետք է ասեմ, որ լավ նորություններ ունենք նաև տնտեսության ոլորտում: Հույս ունեմ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել էինք «Հարավկովկասյան երկաթուղիների» գործունեության հետ կապված հարցեր: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում է երկաթուղային շարժակազմի թարմացում, ինչը շատ լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր:
Պետք է ասեմ, որ կորոնավիրուսային տարվանից հետո ընթացիկ տարում նաև աճում է Հայաստանից Ռուսաստան արտահանումը: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու համար, արդեն ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ և, փառք Աստծո, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում բավականին լավ է: Այդ ֆոնին արդեն նկատվում է դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսք, ինչը շատ լավ նորություն է:
Եվ հույս ունեմ, որ այսօր կհասցնենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ընտրություններից հետո և մեր երկրի կյանքի նոր փուլից առաջ «ճշգրտել ժամերը»», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: