ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ բարդ հարցերը կարելի է լուծել միայն ժողովրդի վստահության դեպքում, իսկ նա այն ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար, խոսելու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում, եւ, իհարկե, ուզում եմ եւս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարեւոր է բոլորի համար, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար», - ասել Է Պուտինը հուլիսի 7-ին Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի լուծման համար պետք է արդյունավետ աշխատել, իսկ դրա համար «ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է»:
«Դուք դա ունենք, այն ցույց է տրված ընտրությունների արդյունքներով։ Եվ դա շատ կարեւոր է, ըստ էության, սա է ամենակարեւորը: Նման բարդ պահերին երկրի կյանքում, դա, հավանաբար, ընդհանրապես, կարեւորագույն պայման է հետագա զարգացման համար: Դրա համար էլ ես ձեզ իսկապես անկեղծորեն շնորհավորում եմ», - հավելել է ՌԴ նախագահը։
VERELQ-ը տեղեկացրել է, որ Մոսկվայում հուլիսի 7-ին մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հարցեր:
Կողմերը կքննարկեն նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման, ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հետ կապված հարցեր:
Հայաստանում հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել են 21 կուսակցություն եւ 4 դաշինք: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն, հաղթել է 53,91 տոկոսով, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքել է 21,9 տոկոս, Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ՝ 5,22 տոկոս: Ու թեև վերջինս չի հավաքել անհրաժեշտ 7 տոկոս ձայները, օրենսդրության համաձայն, կանցնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում պարտադիր է առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը։
ԿԸՀ–ում հայտարարել են, որ Փաշինյանի կուսակցությունը նոր խորհրդարանում կստանա 71 մանդատ, Քոչարյանի եւ Սարգսյանի դաշինքները ՝ համապատասխանաբար 29 եւ 7: