22.11.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը խուսափում է գործածել Հայոց ցեղասպանություն եզրույթը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կրճատվել է Արևմուտքի օգնությունը Հայաստանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման համար բազմաթիվ հիմքեր կան։ Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես հասկացա Պուտինի երեկվա հայտարարություններից, դեռ երկար է տևելու: Բայց կրճատվել է նաև Արևմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն է: Խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդյունքների բացակայությունն է և ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ:

Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ: Այնպես որ՝ որևէ տեղից շոշափելի օգնություն սպասելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ, ունի նաև իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին: Իսկ դրա համար պետք է առանց որևէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաքսային և հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարները մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ փորձել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին այն անդամներին, որոնք, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալեցին որպես վիրավորանք: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր՝ ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան տվեց. «Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք: Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանն էլ (Կարամելի Հարութ), որը փետրվարից անկուսակցական է, ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին ասաց. «Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ: Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա, ամոթ ա»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր անհամբեր սպասում են պառլամենտում գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը: Բանն այն է, որ սա ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է. նա է որոշում, թե երբ պետք է դատախազը «հաղորդվի» պատգամավորների հետ, դիմակայի Զարուհի Փոստանջյանի «կտտանքներին», պատճառաբանի, թե ինչպես էին Հիմնադիր խորհրդարանի անդամները «պլասկագուպցիով եւ պոլի փետով» հեղափոխություն անում, «Ռուսաց թագավորին գրած» իր նամակն ինչու «լավ» չի կարողանում կարդալ «Նազու աղջիկը», եւ այլն: Ընդ որում, չի բացառվում, որ զեկույցը «լսվի» աշնանը: «Ա մոժետ բիծ պոսլե զավտրա, երբ Գալուստ Գրիգորիչի սիրտը կամի»,- ասացին նրա «աղբյուրները»»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Փորձելով հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Մեր մոտոցիկլետի վրա ինչքան էլ Շումախերը նստած լինի, չի կարող 80 կիլոմետր-ժամ արագությունից ավելի գնալ։ Որպեսզի արագ հասնենք մեր ուզած կետին՝ անհրաժեշտ է ոչ միայն Շումախեր, այլեւ նոր մոտոցիկլետ»։ Ընդհանրապես՝ մոտոցիկլետը փոխելուց առաջ ճիշտ կլինի նախ սայլապանին փոխել։ Գուցե նոր վարորդը լավ էլ արագ կքշի, ու մոտոցիկլետը փոխելու կարիք չի լինի։ Չնայած՝ տպավորությունն այնպիսին է, որ Դաշնակցությանը ոչ մոտոցիկլետն է հետաքրքրում, ոչ արագությունը, ոչ էլ երթուղին։ Կարեւորը՝ որ «լյուլկայում» իր համար տեղ գտնվի»։