ԱՄՆ պետքարտուղարությունը խուսափում է գործածել Հայոց ցեղասպանություն եզրույթը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության աշխատակից Մարի Հարֆն ուղղակիորեն չի պատասխանել Associated Press գործակալության թղթակից, ուկրաինական հակամարտության հարցում իր անզիջում դիրքորոշմամբ հայտնի Մեթյու Լիի պարզ և հստակ հարցերին:
Ապրիլի 14-ին կայացած հերթական ճեպազրույցում Մեթյու Լին խնդրել է կրկնել Պետքարտուղարության տեսակետը Հայոց ցեղասպանության և Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապի մատուցած պատարագի վերաբերյալ: Փոխանցում է news.am-ը: Ի պատասխան՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկնել է ԱՄՆ-ի պաշտոնական ձեւակերպումը, իսկ Հռոմի Պապի հնչեցրած արտահայտությունների շուրջ մեկնաբանություններից խուսափել է: Նա չի պատասխանել նաև հարցին` արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով որեւէ միջոցառում է նախանշված:
Հարֆը նկատել է, որ նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդունել են այդ պատմական փաստը և ցավ հայտնել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին 1.5 մլն հայեր սպանվել և մահվան երթի են տարվել:
«Սկզբունքներից մեկը, որոնցով ղեկավարվում է վարչակազմն այդ հարցի շուրջ և ընդհանրապես դաժանության կանխարգելման հարցում աշխատանքում, վստահությունն է, որ պետությունն ուժեղ է դառնում և առաջընթաց է ապրում՝ ընդունելով, իրեն հաշիվ տալով անցյալի ցավալի իրադարձությունների հարցում: Դա իսկապես կարևոր է՝ այլ, ավելի հանդուրժող ապագա կառուցելու համար »,-նշել է Հարֆը:
Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային հրապարակային ընդունել ճշմարտությունը Հարֆը նշել է, որ ասածին ոչինչ չի կարող ավելացնել:
Մեթ Լին հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Օբաման ավելի հակված էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը և ելնելով դրանից լրագրողը Պետքարտուղարության ներկայացուցչից ճշտել է, փոփոխության ենթարկվել է արդյոք իր դիրքորոշումը ինչին Հարֆը պատասխանել է՝ խորհուրդ տալով լրագրողին այդ հարցը անձամբ ճշտել Բարաք Օբամայից Սպիտակ տանը:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման սենատորի և նախագահի թեկնածուի կարգավիճակում բազմաթիվ անգամ խոստացել է ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2009թ.-ի ապրիլի 24-ին հղելով իր ուղերձը հայ համայնքին Օբաման խոսել է հայերեն և 1915թ.-ի իրադարձությունները նկարագրելիս օգտագործել Մեղ Եղեռն եզրույթը: