22.11.2024
Մամուլի տեսություն. Սամվել Կարապետյանը նախապայման է դրել ՀԷՑ-ի առջև
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանում կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագինը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթրեթը գրում է. ««Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևոորգյանը: Ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ, և պետք է լայն թափով անցնել աշխատանքի, խոստումներ է տվել:

Աբովյանում արդեն սկսել են քարոզչությունը. մարդկանց տներ են այցելում, համոզում, զրուցում: Իսկ կիրակի օրն էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ իր հերթին է վստահեցրել, թե նախագահն իրեն է սատարում: Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»: Մեր տեղեկություններով, նախագահը դեռ որոշում չի կայացրել, առայժմ ոչ մեկին չի ասել, թե Աբովյանում ով է քաղաքապետ դառնալու: Ենթադրվում է, որ այս շաբաթ կայանալիք ՀՀԿ նիստում այդ մասին կհայտարարի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի: Սեր տեղեկություններով՝ Գևորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ Րաֆֆի Ասլանյանի հետ տեղափոխության մասին լուրերը ճիշտ չեն: Ենթադրվում է, որ Բատիկյանը կմնա մայրաքաղաքում և այստեղ ինչ-որ մի պաշտոն կստանա: Մասնավորապես, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել է Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը: Ենթադրվում է, որ նա այս տեղափոխություններով ցանկանում է դատախազության համակարգին ցույց տալ, որ նախկինի պես ինքն է որոշումներ կայացնում»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար: Սակայն, ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որևէ կերպ չի ազդելու: Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն: Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չնվազեցվեր, ապա վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը դոլարի արժեզրկման պատճառով պետք է բարձրանար առնվազն 5-6 տոկոսով, այսինքն մեկ խմ գազի դիմաց բնակչությունը ստիպված կլիներ վճարել մոտ 165 դրամ»: