26.11.2024
Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Ինքնակամ կառուցված որևէ կառույց չի օրինականացվելու, ապամոնտաժվելո՞ւ է. քննարկում ԱԺ-ում

Հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ապօրինի շինությունների առկայությամբ:

Հեղինակների համոզմամբ, եթե ընդունվեն փոփոխությունները, ապա Հայաստանում այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ: Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:


Հետեւաբար առաջարկվում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում` այն շարադրելով նոր խմբագրությամբ: Փոփոխությամբ կապահովվեն եւ’ տնտեսվարող սուբյեկտների, եւ’ քաղաքացիների իրավունքները` ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, եւ’ համայնքի իրավունքը` ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաեւ, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաեւ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:


Հարցուպատասխանի ձեւաչափում զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության հողամասի վրա ինքնակամ կառուցված որեւէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու եւ ապամոնտաժվելու է:


Պատգամավոր Արթուր Դավթյանը հայտնեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Պատգամավորն էլ իր հերթին կարծում է, որ նախագիծը չի լուծելու այն խնդիրը, ինչին միտված է: Ըստ նրա` ինքնակամ կառույցի հետագա ճակատագիրը պետք է տնօրինի հողամասի տերը` որոշելով` ապամոնտաժե՞լ կառույցը, թե՞ օգտագործել այլ նպատակով:


Դրական չէր նաեւ Կառավարության դիրքորոշումը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը նշեց, որ նախագծի բազմաթիվ դրույթներ խնդրահարույց են, մասնավորապես չի հստակեցվում, թե ինչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց մի մասը գտնվում է պետական կամ համայնքային պատկանելության հողամասերի վրա: Նաեւ չի հստակեցվում` ինչպես է որոշվելու, թե երբ է կառուցվել տվյալ ինքնակամ կառույցը, քանի որ, ըստ նախագծի, քանդման ենթակա են լինելու օրենքի ընդունումից հետո կառուցված շինությունները:


Նա խորհրդարանականներին հորդորեց ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց: