ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրություններում նվազագույն փոփոխություններ կառաջացնի Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, հայրենակիցների հետ կապերի եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նա նաեւ հնարավոր է համարել, որ Ռուսաստանը ճանաչի այդ երկրում ընտրությունների արդյունքները:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա Փաշինյանի կուսակցության հաղթանակը կազդի նվազագույն չափով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձարկվել են եւ ամրագրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եռակողմ համաձայնագրում», - ասել է Կալաշնիկովը երկուշաբթի օրը:
Նրա կարծիքով՝ «ոչ մի փոփոխություն Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում», խորհրդարանի նոր կազմի ձեւավորման հետ կապված չի լինի:
Կալաշնիկովը կարծում է, որ «եթե խորհրդարանում մեծամասնություն կազմեր Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, չնայած այն բանին, որ նա մեր հին նոր գործընկերն է»:
«Դա բոլորն էլ հասկանում էին, այնպես որ, ես կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան ճանաչում այս ընտրությունները», - նշել է կոմիտեի ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ, «անցած ընտրությունների արդյունքում հետագայում կամրապնդվի Հայաստանի ներսում հասարակության պառակտումը, որը վաղուց գոյություն ունի», - ասել է Կալաշնիկովը:
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ բոլոր 2008 ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Փաշինյանի կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս:
Քոչարյանի դաշինքն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։