Այդ կադրերը նայելիս՝ մեծ ամոթի զգացում եմ ունեցել սեփական պետության նկատմամբ. Քոչարյան
Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Այս մասին համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը.
Նա հիշեցրեց, որ պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում, ասաց Քոչարյանը.
«Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառնարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նաև հայտնել էր, որ այժմ տեղի է ունենում ծառայողական քննություն: