ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել. mediaport
ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին:
Մասնավորապես, արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները:
"Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:
Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը", - գրում է աղբյուրը:
Նշենք, որ այս հրապարակման հետքերով ԱԳՆ-ից շտապել են հերքել այն: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը հայտնել է. «Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»: