Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ինձ և առաջարկել մտնել ակտիվ գործընթացի մեջ։ Այնպես չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ վարչապետի պաշտոնը ստանձնելու։ Բայց եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ։ Այս մասին Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում։ Որպես Շարժման ղեկավար, պետք էր առաջադրել այնպիսի մարդու, ում նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը և ընտրեին ժամանակավոր վարչապետ։ Մենք կխուսափեինք այս թեժ քաղաքական իրավիճակում անցկացվող ընտրություններից և դրանք կկազմակերպեինք մեկ տարի անց՝ ավելի հանդարտ մթնոլորտում։ Հիմնական նպատակը սա էր»,- խոսելով Հայրենիքի փրկության շարժումից ասել է Քոչարյանը։
Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, և շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց։
«Կրկնում եմ՝ ես այն վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կընտրեր վարչապետ։ Իմ՝ փողոց դուրս չգալու պատճարը դա էր։ Պարզապես մենք ուսապարկերի ուսապարկության աստիճանը ճիշտ չէինք գնահատել», - ընդգծել է նախկին նախագահը։
Անդրադառնալով հասարակության պառակտմանը, Քոչարյանը նշել է, որ հիվանդությունները բուժելու համար կամ վիրահատում են կամ պատվաստում։ Այս դեպքում, կարծում եմ, ճիշտը պատվաստելն է, քանի որ մենք չենք կարող մեր ժողովրդի 20 տոկոսին վիրահատության ենթարկել։ Պատվաստելն է մնում․ սա նշանակում է կրթել, ճիշտ քարոզչությամբ զբաղվել։ Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են և ամենաշատն են տուժել այս ամենից։
«Մեղավորը այն քաղաքական գործիչն է, այն դեմքը, որն ատելություն է քարոզում ներսում։ Սոցիալական ծանր բեռի տակ գտնվող մարդիկ միշտ հեշտությամբ են ընդունում, որ իրենց անհաջողությունները կապված են միայն մեկ մարդու անձի հետ։ Ներկայումս կիրառվող տեխնոլոգիաների արդյունքում մարդկանց ուղեղների վրա ազդելը շատ հեշտ է։ Առաջիկա երեք շաբաթների ընթացքում պետք է համբերատար աշխատել և պատվաստումներ անել նիկոլիզմի դեմ",- ասել է նա։
Մյուս կողմից, շարունակել է Քոչարյանը, ինքը հասկանում է, որ պատվաստումը ոչ բոլորի վրա է ազդում։
«Բնակչության որոշակի տոկոս կա, որի վրա չի ազդում և վերջ։ Բայց կա մի կրիտիկական զանգված, որը կարող է եղանակ ստեղծել, և՛ լավ իմաստով, և՛ վատ։ Մարդկանց կարծիքը պետք է փոխել։ Մի խելոք մարդ ասել է․ «Կարծիքը տրանսպորտի պես է․ եթե սեփականը չունես, հանրայինից ես օգտվում»։ Պատվաստումը նաև նշանակում է, որ մեր ժողովուրդը կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերելու»,- հավելել է Քոչարյանը։