Անհետ կորածներ զինծառայողների և գերիների ծնողները ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ: Նրանց ձեռքին են "Путин, помоги нам", "Генерал Мурадов, СПАСИБО" և նմանատիպ գրառումներով պաստառներ:
Ծնողները նշում են, որ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, բայց որևէ հույս չունեն այս «հիմար կառավարությունից, ոչ էլ սպասելիք ունեն»: Միակ հույսը Ռուսաստանն է, քանի որ մինչ օրս էլ ինչ արել՝ իրենք են արել.
"Ոչ մի ծնողի չեն զանգել այս յոթ ամիսների ընթացքում ո՛չ ՊՆ-ից, ո՛չ կառավարությունից, ո՛չ զինկոմիսարիատից, որպեսզի ցավակցեն կամ ինչ-որ տեղեկություն հայտնեն: Եվ հիմա, երբ ընտրություններ են, մեկ էլ հայտնվել են՝ զանգում են մեկ այս, մեկ այն ծնողին, թե բա ինչի կարիք ունեք, գուցե բարոյեհոգեբանական օժանդակության կարիք ունեք: Այսինքն նո՞ր հիշեցիք, թե հիմա պետք ենք դրա համար, անամոթներ",- բորբոքված պատմեց ծնողներից մեկը, ում որդին անհետ կորած է:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ ինչ անեն-անեն մինչև ընտրությունները, ընտրություններից հետո որևէ սպասելիք իրենցից չունեն: Այդ իսկ պատճառով դիմում են Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի ՌԴ-ն օգնի իրենց վերադարձնել իրենց որդիներին.
"Մեր երեխեքը գնացին, 5000 հոգի իրենց կյանքը տվեցին ինչի՞ համար, որ այսօր էս օրի լինենք, սահմանները նեղանան, գերիներ տա՞նք, զոհերին էլ պարկերով գետիններին շպրտե՞ն: Ամբողջ աշխարհը լռեց, երբ մենք մեր երեխեքին էինք կորցնում, մենակ Ռուսաստանն է, որ եղել և մնում է մեր կողքին, դրա համար այսօր այստեղ ենք",- ասաց ծնողը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են փոխանցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: