24.11.2024
Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից. ԱՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինվորականներ, դրոշներ և ցուցանակներ ՀՀ գյուղերի հարևանությամբ չպիտի լինեն. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ:

"Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները:

Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում:

Դեպքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի արոտավայրում իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում մոտեցել են ադրբեջանական զինված մի քանի ծառայող:
Սկզբում ձեռքով հարվածել և ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը:

Այնուհետև, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլևս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում և իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին:

Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ինչպես վերը նշվեց, 42-ից վերադարձվել է 37-ը, 2 ձին և հեռախոսը և չեն վերադարձրել 5 ցուլ: Դրանից հետո 2 ցուլը փախել-վերադարձել են՝ չնայած ադրբեջանական զինծառայողները փորձել են թույլ չտալ, իսկ 3 ցուլն այդպես էլ չեն վերադարձվել:

Նշված դեպքից բացի, մայիսի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի և գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաև զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքները տվել են նաև գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով:

Նշված տեղեկությունները ստուգվել են և հաստատվել են Արավուսի բնակիչների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Արավուսի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զբաղեցրել են 64 հա ՀՀ մաս կազմող արոտավայրի ու խոտհարքի տարածք: Այս պատճառով է, որ կոպիտ կերպով խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների՝ արավուսցիների իրավունքները, քանի որ նրանք չեն կարողանում այլևս օգտագործել այդ արոտավայրերն ու խոտհարքները: Գյուղի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով:

Մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովիվը, երբ իր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն է արածեցրել գյուղին պատկանող արոտանավայրում, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական զինծառայողները գոռգոռոցներով ու զենքի ցուցադրումով սպառնալիքներ են տվել, պահանջել են կենդանիներին չարածեցնել այդ արոտավայրում:

Դրանից բացի, ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խնածախում մայիսի 29-ին 5 ձի անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն ադրբեջանական զինվորները վերադարձրել են միայն 3-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր են հանել, որ Սյունիքի մարզի նշված բոլոր՝ Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերում էլ բնակիչների իրավունքները շարունակում են կոպիտ խախտված լինել, քանի որ արոտավայարերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործելու հնարավոր չէ առնվազն երկու պատճառով`

1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ.

2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:

Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Սյունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները և լարվածությունը հատկապես սրվել են 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողների` ՀՀ Սև լճի տարածք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինի ներխուժելուց հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Հակառակ դեպքում` այս վիճակը միայն խորանալու է սոցիալական խնդիրները:

ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:

Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:

Սրանք միջազգային բացարձակ բացարձակ պահանջներ են, որոնք ամրագրված են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերում (ուղեցույցեր, պայմանագրեր և այլն):

Ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքներն իրար միավորող ճանապարհենրին լինել չեն կարող: Միջազգային որևէ գործընթացի տեսանկյունից նկարագրված վիճակն ընդունելի չէ և չի էլ կարող լինել:

Անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով",- ասված է հայտարարության մեջ: