Նախագահը հույս ունի, որ Ալիևի պահվածքը Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն ուղղված վարքագիծ չէ
Չեխիան Եվրոպայում Հայաստանի կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։ Այս մասին ՀՀ Նախագահի նստավայրում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսում: Նշենք, որ Չեխիայի նախագահը պետական այցով ժամանել է Հայաստան:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ շատ անելիքներ կան։ Նա նշել է, որ Նախագահ Զեմանի հետ քննարկել են նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։
«Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև Միլոշ Զեմանին տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Միաժամանակ Սերժ Սարգսյանը գործընկերոջ հետ առանձնազրույցում իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- տեղեկացրել է նա:
Բացի այս, ՀՀ Նախագահը հայկական կողմի գոհունակությունն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Հիշեցրել , որ մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:
Վերջում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։
Նշենք, որ պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում: